Մատչելիության հղումներ

Բացվեց «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը


Երեւան - Կասկադ համալիրը, արխիվային լուսանկար
Երեւան - Կասկադ համալիրը, արխիվային լուսանկար

Ուրբաթ օրը Երեւանում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում պաշտոնապես բացվեց «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում տեղադրված ամենատպավորիչ մտահղացումներից մեկը այժմ «Կասկադ» անվանումը կրող ջահն է, որը ստեղծվել է 2003 թվականին բելգիացի ճարտարապետ եւ դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից:

Աստղերի հարթակում արդեն կարելի է գտնել Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի եւ «Դիլեր Սկոֆիդիո + Ռենֆրո» դիզայներական ընկերության հեղինակած «Սվարովսկի Բյուրեղյա պալատի» ջահերի ընտրանին:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը ասաց. - «Հանրությունը կարող է անվճար այցելել այս Աստղերի հարթակը եւ հիանալ «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցադրությամբ: Մեր նպատակն է շարունակել համաշխարհային արվեստի լավագույն արժեքները ներկայացնել Հայաստանում եւ Հայաստանի արվեստը ներկայացնել աշխարհում»:

Լիլիթի խոսքով` Ջերարդ Գաֆեսճեանը առաջարկել է համալրել իրենց արվեստի կենտրոնի ցուցանմուշների շարքը եւ ստեղծել մեկ ընդհանուր ցուցադրություն: Ցուցահանդեսը մշտական բնույթ է ունենալու:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշեց. - «Ցուցադրությունը բացառիկ է նրանով, որ տարածաշրջանում առաջին անգամ է ներկայացված «Սվարովսկի Բյուրեղյա պալատը»: Նաեւ սա սկիզբն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի եւ Սվարովսկի կազմակերպության համագործակցության: Մեր միջոցով ներմուծվելու է, կարող ենք նաեւ վաճառել այս նմուշները հետաքրքրված անձանց»:

Մարաբյանը նշեց, որ ջահերի արժեքը կոնֆիդենցիալ է, սակայն, բնականաբար, մեծ գումարների մասին է խոսքը:

Հոլանդացի դիզայներ Թորդ Բունթյեի «Ծաղկունք» շարքը, օրինակ, ներկայացված է թանկարժեք քարերի ճյուղերից միահյուսված նրբագեղ ջահերի տեսքով: Նախագծի շրջանակում իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն դիզայներները եւ դիզայներական ընկերությունները:

Բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Շատ հետաքրքիր էր, շատ հաճելի էր: Նման ցուցահանդես, իհարկե, չէի տեսել: Խոշոր բյուրեղներ` հանդիպել եմ, բայց այսքան մեծ, այսքան հետաքրքիր… Անուններն էլ են շատ պայծառ ու գեղեցիկ», - ասաց նախարարը։

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG