Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշական համարելով ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 18-րդ տարեդարձի օրը համանախագահների այցը Երեւան, նշել է, որ կրակի դադարեցումից հետո անցած տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել մոտենալու հիմնախնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է կատարել` խոչընդոտելով համաձայնությունների ձեռք բերումը:

«Ադրբեջանն այս տարիներին չկարողացավ վեր կանգնել խնդիրը ուժի միջոցով լուծելու գայթակղությունից եւ իր ժողովրդին խաղաղությանը պատրաստելու փոխարեն շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շփման գծում սադրանքները, հսկայական ծավալներով սպառազինությունների ձեռք բերումը, ինչը խոչընդոտում է կարգավորման գործընթացը, վտանգում է փխրուն իրավիճակը տարածաշրջանում», - հավելել է նախարարը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սոչիում հունվարի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունների իրականացմանը, մասնավորապես` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG