Մատչելիության հղումներ

Ահազանգերի մեծ մասը ընտրակաշառքի եւ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին է եղել


Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոնի հաստատման, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված շտաբը 174 դեպք է արձանագրել, որոնց ճնշող մեծամասնությունը, ինչպես ուրբաթ օրը տեղեկացրեց շտաբի ղեկավար Հունան Պողոսյանը, վերաբերել են ընտրակաշառքին կամ ուրիշի փոխարեն քվեարկելուն: Փոխոստիկանապետը սակայն ասաց` նպատակահարմար չէ մատնանշել, թե որ քաղաքական ուժերի դեպքում են ամենաշատը ընտրակաշառքի մասին ահազանգեր ստացվել:

34 հաղորդումների դեպքում մերժվել է քրեական գործ հարուցել, իսկ 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր: Այլ մանրամասներ ոստիկանությունը առայժմ չի հաղորդում, բացի այն, որ ընտրությունների օրը արձանագրված միջադեպերի հետեւանքով երկու քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում:

Անդրադառնալով ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին` փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը հայտնեց, որ քվեարկության օրը 130 մարդ է դիմել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար: Նախորդ համապետական ընտրությունների ժամանակ շուրջ 1000 հոգի էր ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում:

Ընտրությունների օրը հնչող ահազանգերը, թե կրկնակի քվեարկության դեպքեր են եղել` շնորհիվ տարբեր հասցեներում ժամանակավոր հաշվառման, Օսիկյանը կտրականապես բացառեց:

«Ընդհանրապես գոյություն չունի ժամանակավոր հաշվառում հասկացությունը: Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ցանկություն են հայտնել իրենց դիմումների համաձայն քվեարկել մեկ այլ ընտրական տեղամասում իրենց հաշվառման հասցեից դուրս, ընդ որում այս դեպքում նրանք ընդգրկվում են ընտրողների լրացուցիչ ցուցակում եւ ընտրում են միայն համամասնական ընտրակարգով, սահմանված կարգով ընթացք է տրվել եւ տեղական ռեգիստրները ուղղակի իրավունք չունեին մերժեին դիմումները, եւ կարծում ենք, որ բոլոր գործառույթները իրականացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով», - ասաց Օսիկյանը:

Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների մասին շտաբի գրանցած ահազանգերը հասնում են մոտ 6500-ի, դրանց մեծ մասը վերաբերել են մահացած մարդկանց ընտրացուցակներում ընդգրկելուն: Օսիկյանը շեշտեց, որ նման դեպքեր իսկապես եղել են, բայց այստեղ չկա ոստիկանության մեղքի բաժինը:

«Շուրջ 3800 մահվան վերաբերյալ տեղեկատվություն հանվել է, արխիվացվել է: Սրանք այն բոլոր դեպքերն են, երբ մարդիկ մահացել են արտերկրում կամ անգամ Հայաստանի որեւէ գյուղում, որի վերաբերյալ տեղեկություն չի ստացվել եւ ոստիկանությունը որպես լիազոր մարմին պարտավոր չէր նման կարգի տեղեկությունները բնակչության պետական ռեգիստրից հանել», - ասաց Օսիկյանը:

Փոխոստիկանապետ Օսիկյանը վստահեցրեց, որ ընդհանուր առմամբ, ընտրացուցակների անճշտությունները աննշան էին եւ որեւէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG