Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան- 2012»-ին 1120 հայտ է ներկայացվել


«Ոսկե Ծիրան»-ի կազմակերպիչները մամուլի ասուլիսում:

«Ոսկե Ծիրան»-ի կազմակերպիչները մամուլի ասուլիսում:

«Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ փառատոնին, որի ժյուրին գլխավորելու է իսպանացի հայտնի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն, արդեն ներկայացվել է 1120 հայտ ավելի քան 70 երկրներից:

Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում փառատոնի կազմակերպիչները տեղեկացրին նաեւ, որ այս տարի ավանդականներից բացի, կլինի նաեւ «Գիրք եւ կինո» ծրագիրը` Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով:

Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հայ եւ համաշխարհային դասական գրողների ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը:

«Աննախադեպ հոսք է ֆիլմերի», - ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: - «Ներքին մեծ ուրախություն կա, որ Հայաստանը, հայոց աշխարհը, հայկական կինոն, հայկական արվեստը, հայ իրականությունը ճանաչվում է աշխարհի կողմից»:

«Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հավելեց. - «Մեր հաջորդ ասուլիսների ժամանակ մենք մանրամասն կանդրադառնանք ե’ւ ծրագրերին, ե’ւ ժյուրիներին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե անցած 9 տարիների ընթացքում ինչը չեն հասցրել իրականացնել, Հարություն Խաչատրյանը պատասխանեց. - «Ամենամեծ երազանքը մեր, որ հույս ունենանք, որ կլինի, որովհետեւ պարոն վարչապետը, տիկին նախարարը եւ Երեւանի քաղաքապետը խոստացել են, որ կունենանք փառատոնային կենտրոն: Որովհետեւ մենք այդ քաղաքականությունը կվարենք ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս, ոչ թե փառատոնից փառատոն»:

«Այս հարցը շատ օրակարգային է եւ իր լուծումը կգտնի», - ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: - «Շատ կարեւոր բան նշեց Հարությունը, որ մեկ շաբաթվա ֆորմատից պետք է դուրս գա այս փառատոնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG