Մատչելիության հղումներ

«Կենտրոն» հեռուստաընկերությունը վարչական պատասխանատվության ենթարկվեց


Հայաստան -- ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը (ձախից)՝ «Կենտրոն» TV-ի հարցի քննարկման ժամանակ, Երեւան, 11-ը մայիսի, 2012թ.
Հայաստան -- ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը (ձախից)՝ «Կենտրոն» TV-ի հարցի քննարկման ժամանակ, Երեւան, 11-ը մայիսի, 2012թ.
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր այսօրվա նիստում մեկ միլիոն դրամով վարչական պատասխանատվության ենթարկեց «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, օրենքի խախտմամբ քարոզչության տարրեր պարունակող հաղորդում հեռարձակելու համար։

Բանն այն է, որ քաղաքական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ կուսակցությունների ձեւավորած ընտրությունների վերահսկման միասնական շտաբում մայիսի 6-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ընտրողներին կոչ է արել ձայն չտալ Հանրապետական կուսակցությանը։ Ասուլիսը ուղիղ եթերով «Կենտրոնը» հեռարձակել է իր «Էպիկենտրոն» հաղորդման ընթացքում։

«Կենտրոն» հեռուստաընկերությունը սերտ առնչություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք այս ամենը չի համարում քաղաքական ճնշում հեռուստաընկերության նկատմամբ, Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը բացասական պատասխան տվեց:

«Ես ղեկավարում եմ ապաքաղաքական մարմին», - հայտարարեց Ամալյանը, - «Ես հասկանում եմ, որ առիթը բաց չի թողնվելու շահարկումների համար, բայց այնքան ակնհայտ է դեպքը, որ միանշանակ կարծում եմ, որ խտրական մոտեցում որեւէ մեկի նկատմամբ չկա»։

«Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Արա Սաղումյանը ՀՌԱՀ-ի նիստում պնդում էր, որ իրենք օրենք չեն խախտել:

«Մեր ընկալմամբ, որեւէ հեռուստաընկերություն ի վիճակի չէ վերահսկել ուղիղ եթերը, հետեւաբար չի կարող պատասխանատվություն կրել ուղիղ հեռարձակման ընթացքում որեւէ անձի արտահայտած մտքերի կամ գործողությունների համար», - հայտարարեց Սաղումյանը։

«Կենտրոնին» տուգանելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղվանից: Այն բողոքարկելու համար կենտրոն հեռուստաընկերությունը 15 օր ժամանակ ունի: «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանն Ազատություն ռադիոկայանին փոխանցեց, որ որոշումը կբողոքարկեն:

Չնայած «Կենտրոնի» հակափաստարկներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ասում է, որ հեռուստաընկերությունը պարտավոր է վերահսկել իր իսկ եթերով հեռարձակվող ցանկացած հաղորդում:

«Որեւէ ուղիղ եթերի դեպքում դա չի նշանակում, որ պիտի միացնեք եթերը եւ հեռանաք», - հայտարարեց Ամալյանը։

Նրա տեղեկացմամբ, ընտրական օրենսգրքի խախտման` մասնավորապես քաղաքական ուժերին անհամաչափ եթերաժամանակ հատկացնելու համար եւս երկու վարչական վարույթ է հարուցվել` մեկը կրկին «Կենտրոն», մյուսը` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը առաջիկայում կքննարկի նաեւ այդ հարցերը։

please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG