Մատչելիության հղումներ

«Կենտրոն» հեռուստաընկերությունը տուգանվեց 1 միլիոն դրամով


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր այսօրվա նիստում մեկ միլիոն դրամով վարչական պատասխանատվության ենթարկեց «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, օրենքի խախտմամբ քարոզչության տարրեր պարունակող հաղորդում հեռարձակելու համար։

Մասնավորապես՝ քաղաքական երեք ուժերի ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ կուսակցությունների ձեւավորած ընտրությունների վերահսկման միասնական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ընտրողներին կոչ է արել ձայն չտալ Հանրապետական կուսակցությանը եւ այդ հայտարարությունը հեռարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Հանձնաժողովը սա համարում է քարոզչական տարր պարունակող հաղորդման հեռարձակում, ինչը ենթակա է վարչական պատասխանատվության՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն։

«Կենտրոն» հեռուստաընկերությունը չի հերքում, որ հայտարարությունը հնչել է, սակայն պնդում է, որ ուղիղ հեռարձակման պայմաններում իրենք տեխնիկապես հնարավորություն չունեի վերահսկել հեռարձակման բովանդակությունը եւ, ըստ այդ, իրենք չեն կարող դրա պատճառով պատասխանատվության ենթարկվել։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG