Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Շարմ էլ-Շեյխում եւ Կահիրեում


Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 14 հանդիպում է ունեցել տարբեր երկրներից իր գործընկերների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը հանդիպել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի, Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի, Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի, Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարիի, Կամերունի, Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Մյանմարի, Թունիսի, Եմենի, Կուբայի, Զամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հեւիթի հետ։

Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, միջազգային օրակարգի հարցեր, ղարաբաղյան գործընթացը։

Պաղեստինի արտգործնախարարը Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստան այցելելու իր մտադրությունը, իսկ Նոր Զելանդիայի արտգործնախարար Մյուռեյ ՄըքՔալին իր հայաստանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Վելինգտոն:

Հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Բաղդադում Հայաստանի դեսպանության գործունեության վերաբերյալ, վերահաստատել է իրաքյան կառավարության որոշումը Երեւանում դեսպանություն հիմնելու մասին:

Երեկ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ-Շեյխից մեկնել է Կահիրե, ուր հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ` խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառի վերջին զարգացումների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG