Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. «Ադրբեջանը թյուրիմացության մեջ է գցել Չմիավորման շարժման երկրներին»


Եգիպտոս - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը, Շարմ էլ-Շեյխ, 10-ը մայիսի, 2012թ., լուսանկարը` ԱԳՆ-ի

Եգիպտոս - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը, Շարմ էլ-Շեյխ, 10-ը մայիսի, 2012թ., լուսանկարը` ԱԳՆ-ի

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայում մայիսի 9-10-ը տեղի ունեցավ Չմիավորման շարժման երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում ընդունված եզրափակիչ փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ելույթ ունենալով բյուրոյի նիստում` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է. - «Մենք ուրախ ենք` տեսնելով Չմիավորման շարժման անդամ երկրների միասնական աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, այնպես ինչպես դրանք ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերում»:

Մամեդյարովի խոսքերով` «այդ աջակցությունը ապացուցում է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի ագրեսիան»:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարություններին Չմիավորման շարժման նախարարական հանդիպման ժամանակ հինգշաբթի օրը ունեցած ելույթում հակադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Բոլորդ հասկանում եք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարության քարոզչական բնույթը, որը հավելյալ մեկնաբանության կարիք չունի: Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից այս հանդիպման հայտարարության 382-րդ պարբերության շուրջ իրականացվող մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Նալբանդյանը եւ շարունակել. - «Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ եւ արդեն փորձում է, շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ»:

«Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վիլնյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում», - ասել է Հայաստանի արտգործնախարարը` մանրամասնելով. - «Այս փաստաթղթերը կարեւորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր: Ցավոք, 382-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայինորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը»:

«Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել եւ մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, ինչի մասին բարձրաձայնվել է երեկ եւ այսօր հնչեցված նախարարների հայտարարությունների մեծամասնությունում», - հայտարարել է Նալբանդյանը։

«Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Ինչպես այլ կերպ կարելի է բնութագրել Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Միջազգային կազմակերպությունները համապատասխան գնահատականներ են տալիս Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Բանդունգի սկզբունքներին» հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ եւ թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը եւ ավելին` հարված են հասցնում այս կազմակերպության հեղինակությանը», - ասել է Նալբանդյանը:

Չմիավորված երկրների շարժումը ստեղծվել է 1961 թվականին,
այսօրվա դրությամբ 118 անդամ ունի, 17 երկիր դիտորդի կարգավիճակ ունեն: ՄԱԿ-ից հետո Չմիավորման շարժումը ամենաշատ երկրներ ընդգրկող միջազգային կազմակերպությունն է:

Ադրբեջանը անցյալ տարի անդամակցել է այս կազմակերպությանը, Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG