Մատչելիության հղումներ

Մայիսի 11-ի մամուլ


«Մեծամասնություն հաղթողի համար» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները մասնակիցների մեծամասնությունը իրականում ընդունեց հրճվանքով (թեեւ նրանք փորձում են հակառակ տպավորություն ստեղծել… Ի՞նչ նոր հնարավորություններ է բացում երկրի առջեւ նոր ԱԺ-ն եւ ի՞նչ նոր ռիսկեր ստեղծում», - հարցնում է թերթը եւ ինքն էլ պատասխանում. - «Ինչի առթիվ արժե ուրախանալ։ Նախ՝ արժե ուրախանալ զուտ թվաբանական արդյունքով։ Խորհրդարան անցած քաղաքական վեց ուժերի օգտին ձայն է տվել քվեարկածների ավելի քան 95 տոկոսը։ Դա նշանակում է, որ Ազգային ժողովը շատ ավելի համարժեք կարտացոլի հասարակության տրամադրությունները։ Երկրորդ՝ ընտրությունների արդյունքներով հօդս ցնդեց վերջին տարիներին հասարակության կտրուկ արմատականացման առասպելը»։

«Հայկական ժամանակ» օրաթերթում կարդում ենք. - «Ներքաղաքական կյանքի հիմնական ինտրիգը հետեւյալն է. արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կկազմի Հանրապետականի հետ։ Թե՛ Հանրապետականում, թե՛ ԲՀԿ-ում կան ուժեր, որոնք կողմ են կոալիցիա կազմելուն, մյուս կողմից` թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում կան ուժեր, որ դեմ են կոալիցիա կազմելուն։ ՀՀԿ-ի հակաբհկականները հաշվարկում են, որ եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը կոալիցիայի մաս չկազմի, կերակրատաշտի իրենց բաժինը կմեծանա, ՀՀԿ-ն առնվազն չորս նախարարական պորտֆել ավելի կունենա` սրանից բխող հետեւանքներով։ Ի՞նչ իմանաս, գուցե բիզնես դաշտում էլ հորիզոններ բացվեն։ Նրանք, ովքեր կողմ են ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, մտածում են, որ առնվազն մինչեւ նախագահական ընտրությունները Ծառուկյանին ու իր ղեկավարած կուսակցությանը պետք է պահել Սերժ Սարգսյանի թիմի տիրույթում, այդ ընտրությունները հանգիստ գլուխ բերելու համար»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Ընդամենը երկու օրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները, եւ մեր երկիրը սահուն կերպում կթեւակոխի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլ: Իսկ որ այդ անցումը ավելի քան սահուն կլինի, արդեն իսկ պարզ է` դատելով դրան խոչընդոտող ուժային կենտրոնների վարքագծից: Այս ընտրություններում Սերժ Սարգսյանի հաշվարկն այնպես էր արված, որ հիմնական խաղացողներից ոչ մեկին չնեղացներին այնքան, որ այն մղվեր արմատական դաշտ: Ստացած արդյունքներից ամենանեղացածը պետք է որ ՀՅԴ-ն լիներ, սակայն, դատելով այդ ուժի կեցվածքից, Սերժ Սարգսյանը Դաշնակցության սիրտը շահել էր նախօրոք` դեռեւս Հրանտ Մարգարյանի հետ մինչընտրական հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է մնացած նեղացածներին, ապա Կոնգրեսի մասով Սարգսյանի մտավախությունները շեշտակիորեն սկսեցին նվազել դեռեւս անցած ամռանից` «երկխոսություն» օպերացիայի արդյունքում: Իսկ արդեն տարեվերջին` ՀԱԿ- ԲՀԿ ռեւերանսներից հետո, այդ մտավախություններն արդեն մոտեցան զրոյական նիշին: Իսկ ահա «Ժառանգության» դեպքում դեռեւս 2008-ին այս ուժի խորհրդարան անցնելը շատերը կապում էին Հանրապետականի բարի կամքի հետ, որը դատելով կուսակցության անհասկանալի ընտրացուցակից` առկա էր նաեւ այս անգամ: Ուստի, չնայած մայիսի 6-ի ընտրություններին «Ժառանգության» տված կոշտ գնահատականներին, նրա նեղացածությունն ավելի շատ «ներքին խոհանոցային» է` համամասնական ցուցակի տարբեր անդամների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ»:

Արձագանքելով Ինդոնեզիայում ցուցադրական թռիչք կատարելիս ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի վթարման փաստին, որի արդյունքում, հիշեցնենք, զոհվել էր ավելի քան 40 մարդ` «Հրապարակ» թերթը գրում է. - «Այս դեպքն ուշագրավ է նրանով, որ Sukhoi SuperJet-100-ը ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական արտադրության առաջին ուղեւորատար օդանավն է: Այդ օդանավի առաջին պատվիրատուն շահագործողը եղել է Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա»-ն, որն առաջին նման օդանավը Հայաստան է բերել դեռ մեկ տարի առաջ եւ «Սուխոյ» ընկերության հետ ունի պայմանագիր եւս մի քանի այդպիսի օդանավեր մատակարարելու մասին: Միջազգային ճանաչում չունեցող այս օդանավի աղետը կարող է հարցականի դնել դրա հետագա շահագործման նպատակահարմարությունը, եւ, կարծում ենք, առաջիկայում «Արմավիա»-ի ղեկավարությունը պարզաբանումներ պետք է տա այս առումով»:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG