Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ը կարող է պատասխանատվության ենթարկել «Կենտրոն»-ին


«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյան
«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը վաղը նիստ է գումարելու, որի ընթացքում պետք է «Կենտրոն» հեռուստաընկերությանը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնի։

Հանձնաժողովը արձանագրել է, որ հեռուստաընկերությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի խախտում է թույլ տվել։ Մասնավորապես՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունը Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում է հեռարձակել։

Խոսքը վերաբերում է քաղաքական 3 ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ձեւավորած` ընտրությունների վերահսկման միասնական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հնչեցրած կոչին՝ ձայն չտալ Հանրապետական կուսակցությանը։

«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ հեռուստաընկերությունը քարոզչություն կամ հակաքարոզչություն չի իրականացրել։

«Եղել է պարզապես մի դեպք, երբ մենք ուղիղ միացում ենք տվել։ Դա միասնական շտաբում ամսի 6-ին Տեր-Պետրոսյանի ասուլիսն էր, որից հետո խոսեց Լեւոն Զուրաբյանը, որը մի նախադասությամբ քաղաքական կոչ արեց՝ չընտրել ինչ-որ մի քաղաքական ուժի։ Դա է եղել», - պատմեց Պետրոս Ղազարյանը՝ հավելելով․ - «Այսինքն՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունը չի սարքել ռեպորտաժ, չի հրավիրել հյուր, չի դրել քաղաքական գովազդ։ Մենք մեր լուրերի մեջ եղել ենք կոռեկտ եւ օրենքի սահմաններում։ Պարզապես այդ օրը, բնականաբար, մենք պետք է աշխատեինք օպերատիվ, իսկ օպերատիվությունը ենթադրում է ուղիղ եթերի ռեժիմ։ Մենք չենք կարող վերահսկել ուղիղ եթերի ռեժիմը։ Դա մենք չենք կարող հենց ընթացքում կտրել։ Հետագայում դա չի գնացել եթեր՝ այդ մի նախադասությունը, բայց եթե պատկան մարմինները գտել են գլխավոր ընտրախախտումը, ես ուրախ եմ եւ շնորհավորում եմ»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե խնդիրը միայն Լեւոն Զուրաբյանի այդ մեկ նախադասությո՞ւնն է, թե՞ ՀՌԱՀ-ը այսկերպ փորձում է ճնշում գործադրել հեռուստաընկերության վրա՝ հաշվի առնելով վերջին շրջանում «Կենտրոն»-ի լուսաբանումը, Պետրոս Ղազարյանը արձագանքեց․ - «Վերջին շրջանում բոլոր հեռուստաընկերություններն են ազատ լուսաբանում: Անպես չէ, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը լուսաբանում է մի բան, որը որեւէ մի հեռուստաընկերություն չի լուսաբանում։ Եթե դուք տեսնեք նախընտրական շրջանը, ապա ընդդիմությունը ազատ ելք ու մուտք ուներ գրեթե բոլոր եթերներ»։

Պետրոս Ղազարյանը հայտարարեց, որ հեռուն գնացող եզրակացություններ չի անում, վարչական այս հայցը չի դիտում որպես ճնշում եւ իրենք շարունակելու են աշխատել այնպես, ինչպես աշխատել են։

«Ես չեմ ասում Լեւոն Զուրաբյանը այդպիսի բան չի ասել, այլ հարցնում եմ՝ արդյո՞ք սա միակ այն դեպքն էր հայկական հեռուստաեթերում, որտեղ վարչական տույժը, եթե շատ փնտրեիր, կարող էիր գնտել։ Էլի եմ ասում՝ շնորհավորում եմ, որ վերջապես պատկան մարմինները գտան ամենագլխավոր ընտրախախտումը», - եզրափակեց «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրենը։

Եթե վաղը ՀՌԱՀ-ը որոշեց, որ «Կենտրոնը» օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում է հեռարձակել, հեռուստաընկերությունը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG