Մատչելիության հղումներ

logo-print
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմելու է դատարան` պահանջելով վարչական տուգանքի ենթարկել պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանին եւ Անուշավան Նիկողոսյանին:

Ըստ Ընտրական օրենսգրքի` թեկնածուները մինչեւ մայիսի 7-ը պետք է ԿԸՀ ներկայացնեին իրենց նախընտրական հիմնադրամներում առկա գումարների ծախսերի վերաբերյալ տեղեկություններ: Սա նախընտրական հիմնադրամների վերաբերյալ տեղեկությունների վերջին` երրորդ փաթեթն է:

Վեզիրյանն ու Նիկողոսյանը վերջնական տեղեկություններ չեն ներկայացրել:

ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ եթե Նիկողոսյանին չեն կարողացել գտնել ու հիշեցնել օրենքի պահանջի մասին, ապա Վեզիրյանի հետ կարողացել են կապ հաստատել:

«Ես ինքս եմ խոսել թեկնածու Վեզիրյանի հետ: Նրա կողմից հնչեց այդպիսի արտահայտություն, որ ժամանակ չունի զբաղվել այդ փաստաթղթերով», - ասաց Հովհաննիսյանը:

Գոհար Վեզիրյանի համար անակնկալ էր իրեն տուգանելու հանգամանքը: «Ազատություն» ռադիոկայանին Վեզիրյանը հայտնեց, որ ինքը խոսել է Հովհաննիսյանի հետ ու մայիսի 9-ին իր նախընտրական հիմնադրամի վերաբերյալ տեղեկությունները, թեեւ ուշացումով, բայց ուղարկել է Հովհաննիսյանի ինտերնետային հասցեին:

«Ես նախորդն էլ եմ իրենց էլեկտրոնային մեյլով ուղարկել: Հիմա մտածում եմ` երեւի չի հասել: Անկեղծորեն անակնկալի եկա», - հավելեց Վեզիրյանը:

Հովհաննիսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Վեզիրյանից նամակ չի ստացել, եւ, բացի այդ, էլեկտրոնային կարգով փաստաթղթեր ուղարկելուց զատ, պատգամավորության թեկնածուն պարտավոր էր դրանք ներկայացնել հանձնաժողով:

Երկամսյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կդիմի ընդհանուր իրավասության դատարան` պատգամավորության թեկնածուներին տուգանքի ենթարկելու համար (տուգանքի չափը կարող է հասնել 200 հազար դրամի):

Անցած խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքներում գրանցվել էր 137 թեկնածու: Նրանցից 11-ը ընդհանրապես պաշտոնապես որեւէ ծախս քարոզչության համար չի կատարել:

Կենտրոնական ընտրական հանձաժողովն ավելի ուշ մնացած 126 թեկնածուների կատարած ընդհանուր ծախսերի վերաբերյալ տեղեկությունները կտեղադրի իր պաշտոնական կայքէջում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG