Մատչելիության հղումներ

Մաշտոցի այգու ակտիվիստների նկատմամբ գործ հարուցվեց


Ոստիկանները Մաշտոցի այգում
Ոստիկանները Մաշտոցի այգում
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մաշտոցի այգում կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստների դեմ:

Ինչպես նշվում է ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության մեջ, գործը հարուցվել է ապրիլի 29-ին մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ (Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով): Ոստիկանությունը հավելում է, որ ի թիվս արդեն նշանակված մեկ տասնյակից ավելի դատաբժշկական փորձաքննությունների, բացատրություններ են վերցվել դեպքի անմիջական մասնակիցներից, ստացվել եւ ուսումնասիրվել են այդ օրվա իրադարձությունները վերարտադրող տեսաձայնագրությունները, ինչպես նաեւ վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ նյութեր:

Հիշեցնենք, ապրիլի 29-ին ակտիվիստները կրկին փորձ կատարեցին վրան տեղադրել այգում, սակայն, ոստիկանությունը ուժի գործադրմամբ արգելեց վրանի տեղադրումը: Ավելի վաղ ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում էր. - «Անտեսելով վրանը հանելու վերաբերյալ ոստիկանների պահանջները, նշված անձինք դիմադրել են վրանը հանելու փորձ կատարող ոստիկաններին, որն էլ վերաճել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու»:

Ակտիվիստներն էլ իրենց հերթին պնդում են, որ ոստիկանությունն է ուժ գործադրել այգում, ինչի հետեւանքով տարբեր տեսակի վնասվածքներ ստացած երիտասարդների թիվը հասնում է երկու տասնյակի:

Ակտիվիստ Գոռ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր պնդեց, որ իրենց «իրականում ապօրինի են տարել բաժին»:

«Մենք այդ ընթացքում այգում մեր խաղաղ նստացույցն էինք անում եւ մեր սահմանադրական իրավունքներն էինք պաշտպանում, եւ ոստիկանության գործողությունները եւ մեզ ազատությունից զրկելը հետեւեց այն բանին, երբ իրենց գործողությունների արդյունքում նստացույցի տարբեր մասնակիցներ ստացան տարբեր տեսակի վնասվածքներ: Իրենք մեզ ձերբակալելով փորձեցին պատանդի կարգավիճակում պահել, որպեսզի մենք չկարողանանք հստակ դնել իրենց պատասխանատվության կանչելու հարցը: Մենք կարծում ենք, որ գործը այդ ուղղությամբ պետք է գնա, այսինքն ոչ թե մենք ենք ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրել, այլ` հակառակը», - ասաց Հակոբյանը:

Ակտիվիստները նաեւ նամակ են հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին` պահանջելով անհապաղ պատասխանատվության ենթարկել «բոլոր այն ոստիկաններին, որոնք անօրինականություն եւ բռնություն են գործադրել ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակցիների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG