Մատչելիության հղումներ

logo-print

«Երեւան ջրի» նախկին աշխատակիցները շարունակում են պայքարը դատարանում


Անցած տարի մեկ օրում աշխատանքից ազատված «Երեւան ջուր» ընկերության մոտ չորս տասնյակ աշխատակիցների փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասում է, որ Հայաստանի վերաքննիչ դատարանում ուշադրություն չեն դարձնում իրենց ներկայացրած հիմնավորումներին, թե ինչու է ապօրինի, Հայաստանի սահմանադրությանը եւ Աշխատանքային օրենսդրությանը հակասող մի քանի ժամվա ընթացքում այդքան մարդկանց գործազուրկ դարձնելը:

«Այն դատարանները, որոնք չեն քննում հայցը, յուրացնում են դատական իշխանությունը: Սահմանադրության մեջ նշված է, որ դատական իշխանության այսպիսի յուրացումը հանցագործություն է: Մենք 12 հայցի հիմք ենք ներկայացրել, դատարանը անդրադարձել է հայցի 1-2 հիմքերին, եւ այն էլ այնպիսի խմբագրմամբ, ինչպես ինքն է ցանկանում: Սա արդարադատության խեղաթյուրում է», - ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, անցած տարի ապրիլին «Երեւան ջուր» ընկերության (2005-ից 10 տարով հանձնվել է կոնցենսիոն կառավարման ֆրանսիական Veolia Water ընկերությանը) նախկին գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեյի հրամանով աշխատանքից ազատվեցին ընկերության Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանման մոտ 40 աշխատակիցներ: Վերջիններս այնուհետեւ դիմեցին դատարան` բողոքարկելով Ռուայեյի որոշումը, որը նրանց համոզմամբ ապօրինի է: Առաջին ատյանի դատարանը մերժեց ներկայացված հայցը եւ գործը այժմ Վերաքննիչ դատարանում է:

Այսօրվա նիստի արդյունքում դատարանը որոշեց վճիռը հրապարակել մայիսի 25-ին:

«Երեւան ջրի» նախկին աշխատակիցները պնդում են, թե իրենց աշխատանքից ազատելով ընկերության նախկին տնօրեն Պասկալ Ռուայեն ոչ միայն կատարել է ապօրինի քայլ, այլեւ հաշվեհարդար է տեսել իրենց հետ, քանի որ ընկերության Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության ստորաբաժանման գործունեության ինը ամիսների արդյունքում հայտնաբերվել էր շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ, մասնավորապես, ջրի ապօրինի վաճառքի դեպքեր:

«Պղտոր ջրում հեշտ է ձուկ բռնելը, բայց քանի որ փոշիանում է մեր ազգային հարստությունը, մենք լռել չէինք կարող: Ունենք բազմաթիվ տվյալներ, մենք բոլորս փորձառու մասնագետներ լինելով հանդերձ, սկսեցինք դա [ջրի ապօրինի վաճառքի դեպքերը] փաստերով ֆիքսել, այսինքն եւ արձանագրություններով, եւ տեսանկարահանումներով, որ հետագայում չասեն զրպարտություն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Կարեն Կակոսյանը, ով նշված ստորաբաժանման փոխտնօրենն էր:

«Հայտնաբերել են, նկարել են, նկարները ուղարկել են, մոնիտորինգ են արել, վերլուծություններ են արել, դիմել են «Երեւան ջուր» ընկերության տնօրինությանը, տնօրինությունը մատը մատին չի տվել: Մեկ պատասխան անգամ չեն ուղարկել: Երբ երկրորդ անգամ դիմել են ընկերության ֆրանսիացի ղեկավարությանը, հենց նույն օրը 40 հոգին աշխատանքից ազատվել են այն հիմնավորմամբ, որ իբր թե խորհրդի նիստ է տեղի ունեցել, հաստիքացուցակում իրենց հաստիքները կրճատվել են: Այնինչ մեզ այդպես էլ 10 ամիս չհաջողվեց իմանալ, թե երբ է տեղի ունեցելայդ խորհրդավոր ժողովը, որ ժամին եւ ինչպես: Հենց այդ նույն ժամանակահատվածում, որ աշխատանքից ազատել են, այլ մարդկանց են ընդունել աշխատանքի: Գործի նյութերում առկա են ճչացող ապացույցներ այն մասին, որ ավելի քան 30 հոգի նույն ժամանակաընթացքում ընդունել են աշխատանքի», - մանրամասնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Երեւան ջուր» ընկերության շահերը ներկայացնող Գեւորգ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ցանկացած ընկերություն «ազատ է ինքն իր կառուցվածը հաստատելու, իր համար անհրաժեշտ հաստիքներ սահմանելու, գործող հաստիքները փոփոխելու, լուծարելու հարցում»:

«Բաժնետիրական ընկերությունը, օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից հերթական անգամ ի կատարումն խորհրդի որոշման պահանջի, գործողության մեջ է դրել այլ կառուցվածք, այլ հաստիքացուցակով, որում բացակայել է հայցվորների աշխատած ստորաբաժանումը, բնականաբար, նրանց հաստիքները», - ասաց Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG