Մատչելիության հղումներ

iԴիտորդ կայքում ընտրախախտումների վերաբերյալ ավելի քան 1000 ահազանգ է գրանցվել


Ինտերնետային iԴիտորդ հարթակում ընտրախախտումների վերաբերյալ 1062 ահազանգ է գրանցվել։ Դրանց կեսից ավելին կայքը ստացել է հենց ընտրությունների օրը։

Ծրագրի համակարգող, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանի խոսքով, ամենաշատ ահազանգերը ստացվել են տարբեր տրանսպորտային միջոցներով մարդկանց տեղամասեր բերելու, ինչպես նաեւ անձնագրերում կնիքը ցնդելու վերաբերյալ։

Միայն ընտրությունների օրը ստացված 500-ից ավելի խախտումների մասին ահազանգերից միայն երկուսին է ոստիկանությունը ընթացք տվել, այն էլ, ըստ Սոնա Այվազյանի, այնպիսի դեպքեր էին, որոնք իրենք դասակարգել էին ոչ վստահելի աղբյուրներից ստացված ահազանգերի շարքում։

«Ոստիկանությունը պարզապես անգործություն է ցուցաբերել բազմաթիվ ահազանգերի դեպքում», - այսօր հայտարարեց Սոնա Այվազյանը։ - «Վանաձորում ՀՀԿ շտաբում բաժանվել է ընտրակաշառք, եւ դրա մասին անմիջապես տեղեկացվել է ոստիկանությունը, սակայն այդ պահին որեւիցե քայլ չի ձեռնարկվել, եւ նոր-նոր այսօր իմացանք, որ գնում են բացատրություն պահանջելու այդ հաղորդում ներկայացնողներից»։

Հարցին, թե կարո՞ղ էին արդյոք էական ազդեցություն ունենալ արձանագրված խախտումները ընտրությունների արդյունքների վրա, Սոնա Այվազյանը պատասխանեց, թե կասկած անգամ չունի, որ խախտումները որոշիչ են եղել։

«Երբ որ աղքատության, գործազրկության ֆոնին պետական կառույցների եւ մասնավոր ձեռնարկությունների ղեկավարները պարտադրում են իրենց աշխատողներին գնալ եւ ընտրել, ընտրանիքներով եւ բարեկամներով համապատասխան ընտրություն կատարել, երբ որ խմբերով մարդիկ գալիս են, գրանցվում են ուրիշ հասցեում հանկարծ ընտրություններից առաջ, այս բոլորը չի կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա», - նշեց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը՝ հավելելով․ - «Բնականաբար մենք չենք կարող ասել, թե եթե դա չլիներ տոկոսների հարաբերակցությունը ինչպես կարող էր լինել»։

Հավելենք, որ ընտրությունների օրը iԴիտորդ կայքը հաքերային հարձակման է ենթարկվել։ iԴիտորդ-ի համակարգող Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ, հարձակումն այնքան ուժեղ է եղել, որ ադմինիստրատորները շուրջ 3 ժամ չեն կարողացել մուտք գործել կայք։

Հետագայում պարզվել է, որ ռուսաստանցի համակարգչային մասնագետներն են խափանել iԴիտորդ-ի աշխատանքները։ iԴիտորդ-ի համակարգողները դժվարանում են ասել, թե ով կարող էր պատվիրել հաքերային հարձակումը, սակայն փաստում են, որ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ կայքը առավելագույն ակտիվությամբ էր գործում։

XS
SM
MD
LG