Մատչելիության հղումներ

Նախարարները սպասում են նոր կառավարության կազմավորմանը


Կառավարության հինգշաբթի օրվա նիստից հետո մի քանի նախարարներ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ դեռ չգիտեն` կշարունակեն իրենց պաշտոնավարումը նոր ձեւավորվելիք կառավարության կազմում, թե` ոչ:

Ի պատասխան հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն նոր կառավարությունում, հանրապետական, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. - «Կարող ենք փողոցով անցնել, կարող է հինգ հազար մարդ իրեն տեսնի ինչ-որ պաշտոնում, կամ չտեսնի, եւ դա որեւէ նշանակություն չունի»:

«Երեւի կիմանանք միասին, իրար հետ», - պատասխանեց էկոնոմիկայի նախարար, հանրապետական Տիգրան Դավթյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով եւս հանրապետական է, ասաց. - «Ինչ որ քաղաքական թիմը կորոշի, այնպես էլ կշարժվենք առաջ: Բնականաբար, այս ոլորտին տիրապետում եմ, եթե նման որոշում լինի, ես կշարունակեմ պաշտոնավարել»:

«Մայիսի 31-ից հետո կերեւա` կշարունակեմ պաշտոնավարել, թե` ոչ», - հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը` հավելելով, որ դեռեւս որեւէ քննարկում այդ հարցի շուրջ չի եղել. - «Ես պատրաստ եմ աշխատելու, որովհետեւ բավականին շատ ծրագրեր ինձ մոտ սկսված են եւ, իհարկե, շատ լավ կլինի, որ այդ ծրագրերը հասցնեմ ավարտին»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության «Հանրապետության նախագահը» գլխում ամրագրված է, որ նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը: Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Երկրի նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: Կառավարության անդամներին նախագահը նշանակում կամ ազատում է վարչապետի առաջարկությամբ:

«Կառավարության կառուցվածքի մասին» 2008 թվականին ընդունված օրենքի համաձայն, կառավարության կազմում այսօր ընդգրկված է 18 նախարարություն: Գործող կառավարության պորտֆելները բաժանված են կոալիցիոն կառավարության անդամ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ: Հանրապետական են նախարարներից տասը, չորսը` ԲՀԿ-ական եւ չորսը` ՕԵԿ-ական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG