Մատչելիության հղումներ

Անապահով ընտանիքների սպառած գազի գնի մեղմացումը կշարունակվի եւս մեկ տարի


Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ` Հայաստանի կառավարությունը այսօր որոշեց ընթացիկ տարվա ապրիլի 1-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։

«ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից նշված ժամանակաշրջանում անապահով ընտանիքներից 300 խորանարդ մետր բնական գազի քանակության համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից շուրջ 30 տոկոսով կամ 1000 խորանարդ մետրի համար` 32 հազար դրամի չափով պակաս։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ այս որոշումն ընդունվել է երկրի նախագահի հանձնարարությամբ` նպատակ ունենալով գազի գների բարձրացման պարագայում սոցիալապես անապահով խավերի համար ստեղծել ավելի մեղմ պայմաններ։

«Վերջիններս, ըստ էության, չեն զգացել գազի թանկացումը, քանի որ մենք հաշվարկել էինք, որ մինչեւ 300 խորանարդ մետր գազի սպառման դեպքում նրանց համար գազի գինը պահպանել ենք 100 դրամ։ Եվ մեկ տարով եւս երկարաձգելով այս օժանդակությունը` մենք փաստորեն մեղմում ենք սոցիալական բացասական ազդեցությունը, որ կարող էին զգալ անապահով ընտանիքները», - ասաց վարչապետը։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG