Մատչելիության հղումներ

logo-print

«ԱՄՆ-ը պետք է կրկին փորձի օգնել թուրքերին եւ հայերին` կարգավորելու հարաբերությունները»


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

«ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններ. նոր գործընկերություն» վերնագրով բավական ծավալուն` 96 էջից բաղկացած զեկույց է հրապարակել ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկը` Արտաքին հարաբերությունների խորհուրդը:

Հայկական հարցի առնչությամբ զեկույցում ասված է, որ ամերիկահայ համայնքի ջանքերի պատճառով` համոզելու ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ վարչակազմին ճանաչել 1915 թվականի ջարդերը որպես ցեղասպանություն, հաճախ լարվածություն է առաջանում ամերիկա - թուրքական երկկողմ հարաբերություններում։

Զեկույցի առաջարկների բաժնում նշված է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է դիտարկի հատուկ խնդիրների նեղ պրիզմայով` լինի դա Հայաստանը, Իսրայելը, կամ ՆԱՏՕ-ի հետ կապերը։

«Հայաստանի շարունակվող խնդրի եւ 1915 թվականի ջարդերի հարցերով Միացյալ Նահանգները բարոյական հետաքրքրություն ունի` աշխատելու բոլոր կողմերի հետ` հստակեցնելու պատմական իրադարձությունը, բայց ԱՄՆ - Թուրքիա համագործակցությունը շատ ավելի լայն է, քան հայկական ողբերգությունը, քան թուրք - իսրայելական հարաբերությունների դժվարին իրավիճակը, կամ Արեւմուտքում Թուրքիայի դիրքի մասին կեղծ քննարկումները», - ասված է զեկույցում։

Ռազմավարական համընկնող շահերը եւ ԱՄՆ - Թուրքիա համագործակցության հսկա ներուժը չպետք է կորուստ կրի հատուկ քաղաքական շահերի պատճառով, կարծում են փորձագետները։

Միաժամանակ, նրանք նշում են, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է կրկին փորձի օգնել թուրքերին եւ հայերին` 2009-ի հայ - թուրքական արձանագրություններով առաջ շարժվելու համար, որոնք հնարավորություն ընձեռեցին նորմալացնել երկու երկրների հարաբերությունները։ Ստատուս քվոյի փոփոխությունը հավանական է կբարելավի պաշտոնական Անկարայի հարաբերությունները Երեւանի հետ, ինչը, իր հերթին, կթուլացնի հայկական հարցի պատճառով պարբերաբար առաջացող լարվածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես նաեւ կօգնի Կովկասում Թուրքիայի առաջնորդության ճանապարհի բացմանը, ինչը Թուրքիան ցանկանում է, ասված է զեկույցում։

Փորձագետները նշում են, թե դա կբարելավի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մթնոլորտը, եւ որ Միացյալ Նահանգները պետք է ակտիվորեն խրախուսի այդօրինակ կարգավորումը։

Ընդհանուր առմամբ, Արտաքին հարաբերությունների խորհրդի զեկույցը Վաշինգտոնի եւ Անկարայի նոր գործընկերության համար մի քանի սկզբունքներ է առաջարկում` թուրք - ամերիկյան հարաբերություններում հավասարություն եւ միմյանց շահերի փոխադարձ հարգում, գաղտնապահություն եւ փոխադարձ վստահություն, ոչ մի անակնկալ իրենց արտաքին քաղաքականությունում, հատկապես` երկու երկրների շահերին վերաբերող կարեւոր հարցերում, ընդունել, որ տարբերություններ անխուսափելիորեն կլինեն եւ, հետեւաբար, դրանք լուծելու համար պետք է միասին աշխատել, որպեսզի համագործակցությունը չվնասվի։

Հետազոտական խումբը, որտեղ ընդգրկված են 23 հայտնի փորձագետներ, գլխավորում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG