Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը «Եվրատեսիլ»-ի անցկացման համար ծախսել է 280 միլիոն դոլար


«Եվրատեսիլ»-ի համար Բաքվում կառուցված Crystal Hall համալիրը

«Եվրատեսիլ»-ի համար Բաքվում կառուցված Crystal Hall համալիրը

Ադրբեջանը «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացման համար ծախսել է շուրջ 280 միլիոն դոլար, պնդում է ամերիկյան հեղինակավոր Time հանդեսը:

Պարբերականի լրագրող Ուիլյամ Լի Ադամսը, որի մասնագիտական հետաքրքությունների շրջանակում է նաեւ համաեվրոպական այս մրցույթը, գրում է. - «Որպես կանոն, կառավարությունները «Եվատեսիլ»-ի անցկացման վրա 30 միլիոն դոլար են ծախսում: Ադրբեջանը, սակայն, ծախսերին առանձնակի ուշադրություն չի դարձնում եւ պաշտոնական տեղեկությունների համաձայն` բյուջեից արդեն իսկ հատկացրել է 64 միլիոն դոլար: Հետաքննող լրագրողներին, սակայն, հաջողվել է պարզել, որ իրականում մրցույթի անցկացման վրա ծախսվել է շուրջ 277 միլիոն դոլար»։

Time-ը նկատում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար «Եվրատեսիլ»-ը լուրջ հնարավորություն է երկրի վարկն արտաքին աշխարհում բարելավելու համար: «Ալիեւը դրամ չի խնայում, որպեսզի այլեւս Ադրբեջան ասելիս մարդիկ առաջին հերթին չհիշեն կոռուպցիա, բռնություն եւ ավտորիտարիզմ բառերը», - գրում է հեղինակավոր հանդեսը:

Տնտեսական առումով, ըստ ամերիկյան պարբերականի, Ադրբեջանը իրոք լուրջ հաջողություններ է արձանագրել. - «10 տարում Ադրբեջանի կառավարությանը հաջողվել է նվազեցնել աղքատության ծավալները` այն 50 տոկոսից հասցնելով 7.5-ի»:

«Չնայած այդ իրողությանը` Ադրբեջանը շարունակում են աշխարհում ընկալել որպես մի պետություն, որտեղ մարդու իրավունքները հարգված չեն: Նախագահ Իլհամ Ալիեւը, որն այդ պաշտոնը հորից է ստացել, վերացրեց նախագահի պաշտոնում առաջադրվելու բոլոր սահմանափակումները: Վերջին խորհրդարանական ընտրությունները իրավապաշտպանների կողմից բնութագրվեցին որպես կատարյալ ֆարս: Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն էլ հայտարարեց, որ այսօր Ադրբեջանում շուրջ յոթ տասնյակ քաղաքական բանտարկյալ կա», - գրում է ամերիկացի լրագրողը:

Կհաջողվի՞ արդյոք ադրբեջանական կառավարությանը այս ամենի ֆոնին բարելավել երկրի իմիջը` Time-ի թղթակցի այս հարցին Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Ֆահրադին Ղուրբանովը պատասխանել է. - «Եկեք հանդիպենք «Եվրատեսիլ»-ից հետո եւ տեսնենք` արդյոք արեւմտյան որոշ լրատվամիջոցներ շարունակո՞ւմ են Ադրբեջանին նույն բացասական տոնայնությամբ վերաբերվել, թե՞` ոչ: Խիստ կասկածում եմ»։

Բլոգեր եւ ընդդիմադիր ակտիվիստ Էմին Միլին, որ 18 ամիս անցկացրել է բանտում` խուլիգանության մեղադրանքով, հակառակ տեսակետն ունի: «Ադրբեջանական իշխանությունները մոտենում են իրենց պատմության ամենախոշոր PR աղետին», - նշել է ադրբեջանցի ընդդիմադիրը Time-ին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG