Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, թեեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ապահոված Հանրապետական կուսակցությունը տեխնիկապես նոր կոալիցիայի կարիք չունի, այդուհանդերձ, նախագահական ընտրություններին ընդառաջ ուժերի համախմբման նպատակով ՀՀԿ-ն կնախընտրի ձեւավորել կոալիցիա:

«Եվ այս առումով կարծում եմ, որ նախորդ ընտրությունների համեմատ շատ ավելի քվեներ ստացած, սակայն Հանրապետականին մենաշնորհից զրկելու իր ակնկալիքներն այդպես էլ չարդարացրած «Բարգավաճ»-ը չունենալով այլընտրանք` հարկադրված կլինի վերադառնալ, կամ նրան կհարկադրեն վերադառնալ իշխանական կոալիցիա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Կիրակոսյանը` շարունակելով. - «ԲՀԿ-ն թերեւս կհավակնի միայն նախկինի համեմատ ավելի շատ նախարարական աթոռների: Քիչ հավանական է, որ այդ կուսակցությունը վերածվի բացահայտ ընդդիմության»:

Ավելին, ըստ փորձագետի` ԲՀԿ-ն, չունենալով նախագահի սեփական թեկնածու, ի վերջո ճնշումների ազդեցության տակ ստիպված կլինի նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Կիրակոսյանի կարծիքով, հարկ է ակնկալել, որ կոալիցիայի մաս կկազմի նաեւ «Օրինաց երկիր»-ը, որը «ստացավ շատ ավելի քվեներ, քան իրապես վաստակել էր»:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի ընդդիմադիր միավորներին, ապա քաղաքագետի գնահատմամբ` առավել իրական եւ դինամիկ ընդդիմադիր խմբակցություն կձեւավորի Հայ ազգային կոնգրեսը, որը «խելացի վարվեց խորհրդարան մտնելով եւ այսուհետ առավել կառուցողական ներգրավվածություն կունենա»:

Դաշնակցությունը, ըստ նրա, կլինի «նոմինալ ընդդիմություն»: Կիրակոսյանը չբացառեց, որ «Ժառանգություն»-ը, «որքան էլ դա հիասթափեցնող է», որոշակի հարաբերություններ հաստատի իշխող ուժի հետ:

Քաղաքագետը կանխանշում է նաեւ, որ պատրաստվելով առաջիկա նախագահական ընտրություններին` Սերժ Սարգսյանը փոփոխություններ կիրականացնի հենց Հանրապետականի ներսում: Կիրակոսյանը չի բացառում, որ «կթարմացվի ու կուժեղացվի» կուսակցության ղեկավար կազմը, որում, հնարավոր է, առավել ազդեցիկ դեր կվերապահվի ներկայիս Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, քիչ հավանական է համարում ԲՀԿ-ի անդամակցությունը ձեւավորվելիք իշխանական կոալիցիային: Ըստ նրա` թեեւ բոլորին հայտնի է, որ Հայաստանում կոալիցիաները ձեւավորվում են «ոչ թե դասական սկզբունքով, այլ ընդամենը կոնյուկտուրային տրամաբանությամբ», ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կվերածվի ընդդիմության:

«ՕԵԿ-ի հետ կոալիցիա կլինի, բայց դա երեւի որեւէ մեկին չի հետաքրքրի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադալյանը` շարունակելով. - «Կարծում եմ, «Բարգավաճ Հայաստան»-ը այդուհանդերձ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը կդառնա… Նախընտրական մեկ ամիսը մենք տեսանք «Բարգավաճ»-ին ընդդիմության դերում, եւ «Բարգավաճ»-ը այնպիսի նշաձող էր վերցրել իր համար որպես ընդդիմություն, որ կարծում եմ կոալիցիան Հանրապետականի հետ առնվազն անհասկանալի կլինի բոլորի համար»:

Հակոբ Բադալյանը չի կարծում, թե ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն կարող են էական դերակատարություն ունենալ խորհրդարանում. - «Ավելի շատ հոգեբանական կամ բարոյական դեր պիտի ունենան` իշխանությանը քննադատելու առումով: Բայց հիմնական խնդիրները պիտի լուծվեն ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում»:

Թե ինչ վարքագիծ կդրսեւորի ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ, դա, ըստ վերլուծաբանի, հստակ կդառնա առաջիկա աշնանը. - «Երբ նաեւ Հանրապետական համար պարզ կդառնա, թե ինչ իրավիճակ է դաշտում: Այսօրվա դրությամբ Հանրապետականը, այսինքն` տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը որեւէ խնդիր չի ունենա նախագահի ընտրության համար: Բայց դժվար է պատկերացնել, թե ինչ զարգացումներ կլինեն հասարակական դաշտում… Ըստ այդմ` երեւի թե «Բարգավաճ»-ը կա'մ ստանձնի նախագահի ընտրությանը «ընդդիմադիր ֆոնի» դերը, կա'մ, եթե լինի հասարակական լուրջ ալիք Սերժ Սարգսյանի դեմ, կարծում եմ, «Բարգավաճ»-ը արդեն այդ դեպքում կլինի սատարող Հանրապետականին»:

XS
SM
MD
LG