Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդեւին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, Պետական Դումայում կայացած քվեարկության համոզիչ արդյունքները Ռուսաստանում լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հետագա իրականացմանն ու միջազգային ասպարեզում նրա դերի էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր գործունեության բարձր գնահատականի անվիճելի հաստատումն են»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նրա մամլո գրասենյակը:

Սերժ Սարգսյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցերում նրա մշտական ուշադրության համար, եւ անգնահատելի համարել Դմիտրի Մեդվեդեւի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

«Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ կարեւորագույն հանդիպումները, հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ Ձեր հետևողական ջանքերը, որոնք միանշանակ աջակցություն են ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների կողմից, արժանի են ամենախոր երախտագիտության», - շնորհավորական ուղերձում ասել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG