Մատչելիության հղումներ

logo-print

Բացվել է Միքայել Արուտչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը


Միքայել Արուտչյան. «Ձիարշավ»:

Միքայել Արուտչյան. «Ձիարշավ»:

Երեւանում` Չարենցի տուն-թանգարանում այսօր բացվեց բանաստեղծի մտերիմ ընկերներից Հայաստանի ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նվիրված է անվանի գեղանկարչի ծննդյան 115-ամյակին եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին:

«Արուտչյանը ծնունդով շուշեցի էր, բայց շատ վաղ հասակից ուսումնառության էր մեկնել արտասահման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը` հավելելով, որ 20-ական թվականների կեսերից նկարիչը մտերիմ է եղել Եղիշե Չարենցի հետ:

Քանդակագործ Արա Շիրազը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Շատ բան անցել է արվեստագետների գլխից, շատ բան անցել է Չարենցի գլխից, Չարենցի սերնդի գլխից… Ես սրտի մոտեցում եմ ընդունում Միքայել Արուտչյանին: Ամբողջ սերունդը ունեցել է հերոսական անցյալ եւ ներկա»:

Ծննունդով գյումրեցի գեղանկարիչ Ֆենդինանդ Մանուկյանը հիշում է. - «Արուտչյանը հոյակապ մարդ էր: Ընդհանրապես այդ սերունդը…ո՞նց գնացին, մեր մեջքից գնացին: Մի խոսքով` քաղաքը անտեր թողեցին ու գնացին: Մենք որ քայլում ենք հիմա փողոցներով, աչքներս իրենց է [փնտրում]. ո՞նց անենք, որ այդպես մի հատ մեծություն տեսնենք, գնանք կողքը»:

Միքայել Արուտչյանը Չարենցին բազմաթիվ նկարներ է նվիրել: Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի ֆոնդերում պահվող գրաֆիկական եւ այլ աշխատանքներ: Ներկայացված են աշխատանքներ նաեւ գեղանկարչի ընտանիքին պատկանող հավաքածուից:

«Մեր թանգարանը այն եզակի թանգարաններից է, որ միշտ չարենցյան ավանդույթներին հարազատ ժամանակ առ ժամանակ անդրադառնում է նաեւ այն մարդկանց, ովքեր եղել են Չարենցի կողքին, եղել են Չարենցի ընկերները, համախոհները: Եվ այդ միջոցով մենք ժամանակակից երիտասարդությանը ծանոթացնում ենք նաեւ մեր այդ մեծերին», - զրույցի վերջում ասաց Լիլիթ Հակոբյանը:

XS
SM
MD
LG