Մատչելիության հղումներ

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Ստեփանակերտում է գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն, ով այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց զինվորների շիրիմներին։

Արարողությանը ներկա են գտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը եւ այլոք։

Շուշի մեկնելու ճանապարհին Հայաստանի եւ Լեռնային Ղարբաղի նախագահները, նրանց ուղեկցող անձանց հետ, կանգ են առել Շուշիի մատույցներում տեղադրված տանկ-հուշարձանի մոտ, որը 1992 թվականի մայիսի 9-ին առաջինն է մտել Շուշի քաղաքը։

Այնուհետեւ նախագահները մասնակցեցին Շուշի քաղաքի «հին այգի» կոչվող պուրակում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը։

Նշենք, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղում ավելի քան տոնական տրամադրություն է տիրում: Բազմաթիվ տոնական միջոցառումներից զատ վաղը սպասվում է գլխավորը` ռազմական շքերթը, որի ընթացքում կցուցադրվի ԼՂ ՊԲ ռազմական տեխնիկան:

Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից հետո սա կլինի թվով չորրորդ զորահանդեսը։ Նախորդ երեք զորահանդեսները նույնպես անցկացվել են մայիսի 9-ին՝ համապատասխանաբար 1995, 1997 եւ 2007 թվականներին, եւ նույնպես նվիրված են եղել Շուշիի ազատագրման եւ ԼՂ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերին:

XS
SM
MD
LG