Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն չի վիճարկի ընտրությունների արդյունքները


Հայ հեղափոխական դաշնակցությունը քննադատում է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանք «չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը»:

Երեքշաբթի օրը տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Դաշնակցությունն ընդգծում է, որ մայիսի 6-ին եւ նախորդող օրերին տեղի են ունեցել «համընդհանուր, ծրագրավորված խախտումներ», որոնք արձանագրվել են տեղամասային կենտրոններից դուրս:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ իշխանությունը ծրագրավորված մեխանիզմներ է մշակել, որոնք թույլ են տվել աղավաղել ընտրությունների իրական պատկերը եւ վերարտադրվել: Նրա խոսքով` առանձին պետական ապարատ պետք է աշխատի, որ այդ ընտրակեղծիքները կարողանա բացահայտել:

«Ընտրակաշառքը այս անգամ ամենակարեւոր գլխավոր գործոնն էր, դրա համար մենք դա նշել ենք: Ընտրացուցակները, կան նաեւ բազմակի քվեարկությունների դեպքեր, բայց մենք չունենք այդ մեխանիզմները, որ կարողանանք այդ համատարածությունը փաստել: Բացարձակապես հնարավոր չէ վերահսկել, օրինակ, այդ նոր վեց լրացուցիչ ցուցակները, որ առաջացան: Բոլորը գիտեն, որ առավոտվա ժամը 7-ից շատ ընտրատեղամասերում հերթեր են առաջացել, սպասել են, որպեսզի քվեարկեն: Եվ եթե դա համադրում ես նրա հետ, որ թանաքը պետք է շատ արագ ցնդեր, նշանակում է այդ մարդիկ պատրաստվում էին եւս մեկ անգամ քվեարկել, պարզապես պետք է հասցնեին քվեարկել առավոտյան, որպեսզի ցնդեր, գային, մի հատ էլ քվեարկեին: Այս ամենը այն դաշտն է, որը վերահսկել հնարավոր չէ, մանավանդ երբ վերջնական ցուցակները ճշտվում, փակցվում են ընտրություններից երկու օր առաջ: Պրակտիկորեն որեւէ կուսակցություն իր ուժերով չունի այդ հնարավորությունը, որ այդ մեծ վերլուծությունը կարողանա շատ արագ իրականացնել, վերահսկել», - ասաց Ռուստամյանը:

Նախորդ գումարման Ազգային ժողովում Դաշնակցությունն ուներ 16 պատգամավոր: Մինչդեռ այս ընտրությունների արդյունքների համաձայն, ամենայն հավանականությամբ, կունենա 5 կամ լավագույն դեպքում 6 պատգամավոր: Ստացվում է, որ Դաշնակցությունն այս ընտրություններում կորցրեց առնվազն տասը տեղ: Չնայած մատնանշված համատարած ընտրախախտումներին, Ռուստամյանն ասաց, թե չեն կարող վիճարկել ընտրությունների արդյունքները, քանի որ այդ արդյունքների վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը:

«Եթե ես բողոքարկեմ, այդ մեղադրանքը պետք է ուղղվի նաեւ ընտրակաշառք վերցնողին, որովհետեւ հիմնական խեղաթյուրումը, ձայների այս աղավաղումը առաջացել է ընտրակաշառքի այս ծավալի պատճառով: Ես ինքս պետք է գնամ նաեւ իմ ժողովրդի զգալի հատվածին պատասխանատվության ենթարկելու ճանապարհով: Սա է մեր գործը դժվարացնում: Ուրիշ բան չկա, եւ ընտրակաշառք վերցնող քաղաքացին, պետք է իմանա, որ իր այս քայլով երկարաձգում է այս իշխանությունների մնալը: Հինգ տարվա դժգոհությունը, որ հետո նորից ունենալու է, պայմանվորված է իր այս քվեարկությամբ նաեւ», - ասաց Ռուստամյանը:

Չնայած այս իրավիճակին, Դաշնակցությունը վայր չի դնի իր հինգ կամ վեց մանդատը, քանի որ, ինչպես Ռուստամյանն ասաց, ընտրողը իրենց ձայն է տվել ոչ թե մանդատները վայր դնելու, այլ նրանց ձայնը խորհրդարանում բարձրացնելու համար: Դաշնակցությունը նաեւ բողոքի զանգվածային ակցիաներ չի անի:

«Անիմաստ եւ աննպատակահարմար եմ համարում, որովհետեւ, կարծում եմ, որ ամենաճիշտ ձեւը ի վերջո մենք ուզում ենք պահպանել անցնցում ճանապարհը իշխանություններից ազատվելու», - ասաց նա:

Հաշվի առնելով իշխանություններից ազատվելու Դաշնակցության մտադրությունը, Ռուստամյանը բացառեց, թե իրենք կոալիցա կկազմեն Ազգային ժողովում մեծամասնություն ստացած Հանրապետականի հետ:

«Հանրապետականի հետ համագործակցելու ի՞նչ հարց ունենք, երբ մենք իրենց հեռացումն ենք պահանջելու: Ամբողջական իշխանափոխության խնդիրը օրակարգում է այնքան ժամանակ, քանի դա չի իրականացվել, որը նշանակում է գործողների հեռացում եւ այն համակարգի արմատական փոփոխությունը, որ չտա այսպիսի իրավիճակների առաջացում, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին», - ասաց նա:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, Ռուստամյանը պատասխանեց, թե չի կարող ուրիշների փոխարեն գնահատականներ տալ:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն լռում եւ չի գնահատում ընտրությունների արդյունքները, Ռուստամյանը ասաց, թե երեկ իրենք միասնական շտաբի նիստ են արել, որին մասնակցել է նաեւ ԲՀԿ-ն, եւ քաղաքական երեք ուժերը` ՀԱԿ-ը, Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն, առաջիկայում հանդես կգան ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ հայտարարությամբ:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այդ հայտարարությունը կանեն մայիսի 10-ին կամ 11-ին:

please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG