Մատչելիության հղումներ

Տեղական դիտորդները ընտրախախտումների ազդեցության մասին տարբեր կարծիքներ ունեն


Հարություն Համբարձումյան
Հարություն Համբարձումյան
«Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական կազմակերպության գնահատմամբ` մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում չնայած գրանցվել են բազմաթիվ խախտումներ, սակայն այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Երեքշաբթի կայացած ասուլիսում կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ` այս ընտրությունները աննախադեպ դրական էին: Համբարձումյանը տեղեկացրեց, թե ընտրությունների օրը Հանրապետության ողջ տարածքում գործել են իրենց մոտ 4000 դիտորդներ:

«Եթե մենք ունենք մոտ 2000 տեղամասեր, եւ եթե դիտարկենք տոկոսային հարաբերությամբ տեղամասերի թիվը եւ խախտումներ տեղ գտած տեղամասերի թիվը, կտեսնենք, որ դա այն տոկոսը չի կազմում, որ կանգնես եւ հայտարարես, որ ազդել են արդյունքների վրա: «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը համարում է, որ մտահոգիչ փաստեր են, եղել են այդ խախտումները, բայց որ ազդել են ընտրությունների արդյունքի վրա, մենք այդպես չենք կարծում», - հայտարարեց Համբարձումյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ էին այս ընտրությունները աննախադեպ դրական նախորդ ընտրությունների հետ համեմատած, Համբարձումյանը պատասխանեց. - «Մեր կազմակերպությունը ընտրությունները դիտարկել է սկսած 1998 թվականից, եւ եթե հիշենք այն ժամանակվա ընտրությունները, երբ վստահված անձանց եւ դիտորդներին տեղամասի մի ծայրում կարմիր ժապավենով առանձնացնում էին եւ ասում էին` ձեր տեղը սա է, եւ իրավունք չունենք առաջ գնալու եւ դիտարկելու, քվեաթերթիկները հաշվելու ժամանակ դիտորդին, վստահված անձին փակում էին կողքի սենյակում, վերջացնում էին հաշվարկը եւ նոր բաց թողնում... շատ բան կա ասելու. եթե համեմատում ես նախկին ընտրությունների հետ, իսկապես այս ընտրությունները մեկ քայլ առաջ են»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով այսօր նույնպես հանդիպեց լրագրողների հետ, հայտարարեց, թե հանրապետությունով մեկ իրենց կազմակերպության իրականացրած դիտորդական առաքելությունը հիմք է տալիս ասել, որ տեղ գտած ընտրախախտումները էական բացասական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

Ներկայացնելով իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների բազմաթիվ տեսակներ ու դեպքեր` Սաքունցը հավելեց. - «Կարծում ենք, որ սրանք այնպիսի գործոններ էին, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, բացասական ազդեցություն են ունեցել: Մենք չենք կարծում, որ Ազգային ժողովի այս ընտրությունները եղել են ազատ եւ արդար, որովհետեւ ազատ լինելու համար ընտրողները պետք է կարողանային իրենց կամքը ազատորեն դրսեւորել, իսկ մենք ունենք բազմաթիվ փաստեր, որ այդպես չի եղել, իսկ արդարության տեսակետից ընտրության արդյունքների ամփոփման առումով էական ազդեցություն են ունեցել եւ չէին կարող չունենալ»:

Խոսելով իրենց կողմից արձանագրված խախտումների մասին` Սաքունցը հայտարարեց, թե ընտրությունների նախորդ օրը եւ ընտրությունների օրը համատարած է եղել ընտրակաշառքի բաժանումը: Հարցին, թե ու՞մ օգտին է բաժանել ընտրակաշառքը, իրավապաշտպանը պատասխանեց. - «Հիմա ես կարող եմ ասել, որ Հանրապետական կուսակցության վերաբերյալ ահազանգերը տարածված էին, շատ քիչ կար Դաշնակցության հետ կապված եւ որոշակի` ԲՀԿ-ի հետ կապված: Այսինքն եթե, օրինակ, 2007 թվականին լայնածավալ բնույթ ունեին ԲՀԿ-ի կողմից բարեգործությունները, ապա այս դեպքում ավելի շատ Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառքների բաժանման մասին են եղել քաղաքացիների ահազանգերը եւ մեր դիտորդները հենց այցել են այնտեղ, որտեղից ահազանգը ստացել ենք, եղել է Հանրապետական կուսակցության շտաբները»:

Բանախոսը հավելեց, թե այս ընտրություններին կիրառվել է նաեւ, այսպես կոչված, «կարուսել» հնարքը, ինչը կարծես թե մոռացվել էր վաղուց: Արթուր Սաքունցը նշեց, որ վերը ներկայացված խախտումների վերաբերյալ իրենք դիմել են ոստիկանություն, ինչը սակայն արդյունք չի տվել:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG