Մատչելիության հղումներ

Սիրիայի ընտրություններում առաջադրված են նաեւ հայ թեկնածուներ


Քվեարկություն Սիրիայի խորհրդարանական ընտրություններում, Դամասկոս, 7-ը մայիսի, 2012թ.

Քվեարկություն Սիրիայի խորհրդարանական ընտրություններում, Դամասկոս, 7-ը մայիսի, 2012թ.

Սիրիայում երկուշաբթի օրը անցկացվել են առաջին բազմակուսակցական ընտրությունները վերջին 40 տարիների ընթացքում:

Այս ընտրություններին, փոփոխված Սահմանադրության համաձայն, մասնակցելու հնարավորություն են ունեցել թեկնածուներ ոչ միայն իշխող ԲԱԱՍ կուսակցությունից. ընտրություններին մասնակցել են 7 նոր կուսակցություններ, 7 հազարից ավելի թեկնածուներ պայքարել են 250 խորհրդարանական մանդատների համար։ Հիմնական ընդդիմադիր ուժերը, սակայն, հայտարարել են, որ նոր կուսակցությունները բոլորն էլ կապ ունեն իշխող քաղաքական վերնախավի հետ, իրականում անկախ չեն, ուստի կոչ են արել բոյկոտել ընտրությունները եւ վերահաստատել են իրենց պահաջը` Բաշար Ասադի հրաժարականը: Մի շարք քաղաքներում կայացել են բողոքի ակցիաներ:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը արդեն հանդես է եկել հայտարարությամբ` Սիրիայի խորհրդարանական ընտրությունները որակելով «ֆարս»։ Արտգործնախարարության մամլո խոսնակ Բեռնար Վալերոն հայտարարել է, որ Ֆրանսիան դատապարտում է պաշտոնական Դամասկոսի կազմակերպած ընտրությունները, որի պայմանները նման են ցավալի ֆարսի:

Այս ընտրություններին առաջադրված են նաեւ ազգությամբ հայ թեկնածուներ։ Միայն Հալեպ քաղաքում, որտեղից 20 պատգամավոր պետք է ընտրվի, երեք հայ թեկնածուներ կան: Նրանից մեկը Սմբուլ Սմբուլյանն է, ով սիրիական խորհրդարանում պատգամավոր է վերջին 8 տարիների ընթացքում: Ասում է` տեղյակ է նաեւ, որ Դամասկոսում էլ երկու հայ է առաջադրվել, իսկ ինքը պատգամավորի թեկնածու է առաջադրվել է որպես անկուսակցական:

«Ես առաջադրվել եմ որպես հայկական միությունների կողմից ընդունված թեկնածու։ Այնտեղ կա մի տեղական նոր կուսակցություն` մոտավորապես յոթ ամիս առաջ է հիմնվել, անունն է «Ժողովրդավարական կուսակցություն», ուրեմն, այդ կուսակցության կողմից առաջադրված է մյուս հայ թեկնածուն, իսկ երրորդ թեկնածուն Թեքեյան մշակութային միության կողմից պաշտպանվող թեկնածուն է։ Հայությունը մասնակցում է ընտրություններին, եւ մասնակցության թիվը բարձր է», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց Սմբուլյանը։

Նրա խոսքերով` սահմանադրական փոփոխությունները եւ բազմակուսակցական առաջին ընտրությունները, ընդհանուր առմամբ, դրական երեւույթ են թե՛ Սիրիայի, թե՛ երկրի հայկական համայնքի համար:

«Հայկական համայնքի վրա ինչ անդրադարձ է ունենալու` բացատրեմ. Սիրիայի նոր Սահմանադրության համաձայն` բազմազանությունը եւ մշակութային ազատությունները ամրագրված են, հետեւաբար` հայ համայնքը Սիրիայում, Սիրիայի հայ քաղաքացիները ավելի լայն ազատություն են ունենալու մշակութային առումով», - ասաց Սմբուլ Սմբուլյանը` հավելելով. - «Բազմակուսակցական ընտրությունը անպայման իր դրական անդրադարձն է ունենալու քաղաքական կյանքում եւ համայնական մակարդակի վրա»։

Իսկ թե ինչպիսին է իրավիճակը այս պահին Հալեպում, երբ Սիրիայից հաստատված հրադադարի ռեժիմի նորանոր խախտումների մասին տեղեկություններ են ստացվում, սիրիահայ գործիչը այդ առնչությամբ ասաց. - «Այստեղ` Հալեպ քաղաքում մթնոլորտը շատ հանգիստ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG