Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 8-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Որոշումների կայացման առումով իշխող քաղաքական ուժը պահպանելու է իր մենաշնորհը, որի վրա լուրջ ազդեցություն չի կարող գործել անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծաքանակ եւ ուժեղ խմբակցութան գոյությունը։ Հիմնական հարցականը նոր կառավարող կոալիցիայի ձեւավորման հնարավորության եւ նրա հավանական մասնակիցների հարցն է, քանզի ակնհայտ է, որ Հանրապետականը կարող է «յոլա գնալ» նաեւ առանց դրա։ Այստեղ է թաքնված առաջիկա քաղաքական զարգացումների հիմնական ինտրիգը, քանզի 2013-ի փետրվարին Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնցում գործող նախագահի թեկնածությանն անվերապահորեն սատարելու պատրաստակամություն են հայտնել առայժմ միայն ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը»։ Հենց այստեղ է, որ կարող է ուրվագծվել նաեւ Ազգային ժողովի մեծամասնության ու փոքրամասնության հետագա հարաբերությունների ընթացքը եւ դրա հնարավոր անդրադարձը 2013 թվականի նախագահական ընտրությունների վրա, որոնք ընթանալու են սկզբունքորեն նոր իրավիճակում»։

Նոր խորհրդարանում դաշինքների հավանական կոնֆիգուրացիային է անդրադառնում նաեւ «Ժամանակ»-ը. - «Եթե ԲՀԿ-ն միանում է Կոնգրեսին, ապա այդ երկու ուժերի հետընտրական բողոքը կարող է իսկապես լուրջ խնդիրներ առաջացնել ՀՀԿ համար, առավել եւս, եթե այդ երկու ուժերին միանա նաեւ ՀՅԴ-ն։ Եվ ամբողջ խնդիրը այստեղ հենց այն է, թե արդյոք ինչպիսի դիրքորոշում է ունենալու «Բարգավաճ Հայաստան»-ը։ Եթե ԲՀԿ դիրքորոշումը ուշանա, ապա Հայ ազգային կոնգրեսն ամենայն հավանականությամբ ձեռնպահ կմնա ակտիվ փողոցային պայքարից, քանի որ Կոնգրեսը ներկայումս չունի բավարար հասարակական աջակցություն փողոցից իշխանության վրա լուրջ ճնշում բանեցնելու համար։ Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը պայմանավորված է լինելու ՀՀԿ-ի հետ բանակցության արդյունքից, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն երեւի թե դեռ մի քանի օր կշարունակի լռությունը կամ կխուսափի կոնկրետ անելիքների մասին խոսելուց` բավարարվելով որոշակի գնահատականներով: Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ինչ-որ ձեւերով կշարունակի հարաբերությունները Կոնգրեսի հետ»:

Թեման շարունակում է «Առավոտ»-ի խմբագիրը. - «Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, եւ այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ՝ հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, եւ կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին եւ առաջիկա ընտրություններում պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է՝ ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին եւ նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեեւ հնարավոր է, բայց այս պահին՝ դժվար պատկերացնելի: Ամենաօպտիմալ տարբերակը հետեւյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում եւ հանդես է գալիս ինքնուրույն՝ կառուցողական ընդդիմության դիրքերից»:

«Երկիր»-ը գրում է. - «Երբ առաջադիմության ու ժողովրդավարացման հիմնական ցուցիչը սկսում է դառնալ այն, որ երկրումդ ընտրությունների ընթացքում արդեն մարդ չի սպանվում, արյունահեղություն չի լինում, վստահված անձանց չեն գողանում, նույնն է, թե քաղաքակիրթ համարես այն աբորիգենին, ում ֆրակ են հագցնում եւ սովորեցնում սեղանից օգտվելու կանոնները: Միջազգային դիտորդներին, որոնք կուսակցությունների շտաբներում, պատերի տակ, տնետուն անցնող մարդկանց պայուսակներում չեն եղել, որպեսզի տեսնեն` ինչպես է մասսայաբար ընտրակաշառք բաժանվում, որոնք չեն ըմբռնել, թե ինչպես կարող է պաշտոնապես 2,8 մլն բնակչությունից 2,4 մլն-ն ընտրող լինել, բռնություններից զերծ քվեարկությունը թվում է գերժողովրդավարական ու թափանցիկ: Նրանք չեն մտնում մարդկանց սրտերը` հասկանալու` ինչու նրանք չեն ուրախանում, եթե ընտրություններն իսկապես այդքան արդար ու թափանցիկ են եղել, կամ ինչու են շարունակում իրենց խաբված ու ստորացված համարել այնպես, ինչպես ընտրություններից առաջ»:

Թվարկելով անցած ընտրությունների հիմնական առանձնահատկությունները` «Ազգ» թերթը մասնավորեցնում է. - «Պարզվեց, որքան էլ տարօրինակ է, ընտրական տարիքի ժողովրդի մեծ մասն այնքան էլ դժգոհ չէ իր կյանքից, փաստորեն ու այն չի ուզում փոխել, այլապես իր քվեների մոտ 75 տոկոս չէր տա 10 տարի իշխանության ղեկի մոտ եղած կուսակցություններին (ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին 75 տոկոսից ավելի քվե ունեն): Ահա եւ ընտրողների մեծ մասը 5 տարի այլեւս իրավունք չի ունենալու նվնվալու կամ բողոքելու, թե մեր կյանքի որակը վատն է, որ սոցիալական իրավիճակն անտանելի է»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG