Մատչելիության հղումներ

Երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզի 4 ընտրատարածքներում պայքարն ընթացել է հիմնականում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ:

Անցած խորհրդարանական ընտրությունների համամետ այս տարի համամասնական ընտրակարգով Հանրապետականի օգտին տրվել է շուրջ 12 հազար քվեով ավելի:

ՀՀԿ-ի օգտին քվեարկել են մարզի ընտրողներից 46 հազար 126-ը: «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է 43 հազար 644 քվե` մոտ երկու անգամ ավելի, քան ԱԺ նախորդ ընտրություններում: «Ժառանգություն»-ը երրորդ տեղում է` 10 հազար 732 ձայն, այնուհետեւ գալիս են «Օրինաց երկիր»-ը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը:

Իսկ մեծամասնական ընտրակարգով մարզում առաջատարը ԲՀԿ-ն է` ընտրված 4 պատգամավորներից երեքը ներկայացնում են այդ կուսակցությունը, իսկ չորրորդը Հանրապետական է:

Գյումրիում ընտրական գործընթացն անցավ ավելի լարված` հատկապես թիվ 34 ընտրատարածքում, որտեղ մեծամասնական ընտրակարգով պայքարում էին Մարտուն Գրիգորյանը (ԲՀԿ) եւ Արման Սահակյանը (ՀՀԿ): Վերջինիս սատարում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հաղթանակն այստեղ շուրջ 2500 քվե առավելությամբ բաժին հասավ Մարտուն Գրիգորյանին:

Անակնկալ գրանցվեց թիվ 36 ընտրատարածքում (Անիի եւ Արթիկի տարածաշրջաններ): Այստեղ մեծամասնականով մրցակցում էին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Օրինաց երկիր»-ի թեկնածուները: Հաղթեց «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Մուշեղ Պետոյանը` առաջ անցնելով Հանրապետականի ներկայացուցիչ Մխիթար Վարագյանից` Արթիկի քաղաքապետի եղբորից:

Մխիթար Վարագյանը ընտրատարածքային հանձնաժողով վերահաշվարկ անցկացնելու մասին դիմում-բողոք է ներկայացրել:

Թիվ 36 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց. - «Ստացվել են դիմում-բողոքներ 11 տեղամասերի վրա»:

Մարտիրոսյանը հավելեց, որ դրանք հիմնականում գյուղական համայնքներ են. - «Վերահաշվարկը սկսում ենք վաղվանից` ժամը 9-ից մինչեւ ժամը 18-ը: Վերահաշվարկի համար տրվում է 4 օր ժամանակ… Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի մենք հասցնենք, եւ դժգոհություն չառաջանա»:

Թիվ 35 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Սամվել Բալասանյանը մրցակից չուներ: Բալասանյանը խորհրդարանի պատգամավոր է ընտրվում արդեն 4-րդ անգամ:

Թիվ 33 ընտրատարածքում երրորդ անգամ պատգամավոր ընտրվեց ՀՀԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը:

Նշենք նաեւ, որ Շիրակի մարզում ընտրողների թիվը նախորդ ընտրությունների համեմատ ավելացել է մոտ 13 հազարով, իսկ քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը` ավելի քան 16 հազարով:
XS
SM
MD
LG