Մատչելիության հղումներ

logo-print
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի եւ Եվրոպական խորհրդարանի դիտորդները երկուշաբթի օրը հրապարակեցին հայաստանյան ընտրությունների վերաբերյալ իրենց համատեղ զեկույցը:

«Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականի մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ եւ հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսեւորմամբ: Միեւնույն ժամանակ, քարոզչության վերաբերյալ դրույթների խախտման հետեւանքով անհավասար մրցակցային դաշտը, ընտրողների վրա ճնշման դեպքերը եւ դիմումների ու բողոքների քննության գործընթացներում թերությունները մտահոգությունների տեղիք են տվել: Ընտրություններն անցկացվել են իրավական բարեփոխված դաշտի ներքո եւ մինչեւ քվեարկության օրը կազմակերպված են եղել ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ եւ թափանցիկ եղանակով: Քվեարկության օրը հիմնականում անց է կացվել հանգիստ եւ խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական բնույթի խնդիրներով եւ գործընթացին՝ հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտություններով», - արձանագրում է զեկույցը:

Զեկույցը նաեւ արձանագրում է, որ հավաքների, խոսքի եւ տեղաշարժվելու ազատությունները հիմնականում հարգվել են, եւ թեկնածուները հիմնականում հնարավորություն են ունեցել իրականացնել ազատ քարոզչություն: Զեկույցն, այդուամենայնիվ, արձանագրում է. - «Կուսակցությունների եւ հասարակության զգալի մասի ընդհանուր թերահավատությունը ընտրական գործընթացների ամբողջականության հանդեպ մտահոգության լուրջ առիթ է»:

Ինչ վերաբերում է այլ մտահոգություններին, ապա զեկույցում նշվում է, որ ընտրողների ցուցակների ճշտությունը եւ ընտրակեղծիքների համար դրանց հավանական չարաշահման հնարավորությունը որպես մտահոգություն բարձրացվել է մեծ թվով թեկնածուների կողմից` ավելացնելով ընտրական գործընթացների նկատմամբ ընդհանուր թերահավատությունը:

«Չնայած ընտրողների գրանցմանն ուղղված բարեփոխված օրենսդրությանը, ընտրողների ցուցակների ճշտության վրա բացասաբար է ազդել տարբեր հաստատությունների միջեւ տվյալների փոխանակման ոչ բավարար կարգավորվածությունը», - նշում են զեկույցի հեղինակները:

Զեկույցն արձանագրել է նաեւ Ընտրական օրենսգրքի խախտումներ:

«Ընտրական օրենսգրքի քարոզչությանն առնչվող դրույթները երբեմն խախտվել են, մեծամասամբ տեղական իշխանությունների եւ որոշ կուսակցությունների կողմից: Սա ներառում է դասերի ժամանակ քարոզչական միջոցառումներին ուսուցիչների ներգրավվածությունը, քարոզարշավի ընթացքում կուսակցությունների հետ կապ ունեցող կազմակերպությունների կողմից մարդկանց եւ համայնքներին նվերներ տալը, եւ քարոզչական նյութեր փակցնելը դպրոցների եւ համայնքային նշանակության շենքերին: Դիտարկված այդ դեպքերը նպաստել են ընտրությունների մասնակիցների համար անհավասար մրցակցային դաշտի ձեւավորմանը, եւ ընտրողների վրա ճնշումների դեպքերի հետ միասին հակասում են ԵԱՀԿ 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությանը»:

Այստեղ կա մասնավորեցում կապված Հանրապետական կուսակցության հետ. - «Ընտրողների վրա ճնշումները, ինչպես, օրինակ, աշխատողներին ՀՀԿ հանրահավաքներին մասնակցել ստիպելը եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելուն խոչընդոտելը, մտահոգություն են առաջացրել»:

Կա մեկ այլ մասնավորեցում կապված Գագիկ Ծառուկյանի հետ: Խոսքը ԲՀԿ առաջնորդին պատկանող «Մուլիտգրուպ» ընկերության կողմից տրակտորներ տրամադրելու մասին է: Մեկ այլ մասնավորեցում կապված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ. - «ՀԱԿ թեկնածուների կողմից վիրավորական լեզվի օգտագործման որոշ դեպքեր են արձանագրվել», - նկատում են զեկույցի հեղինակները:

Մեկ այլ դիտարկում է վերաբերում է դիմումներին եւ բողոքներին. - «Դիմումների եւ բողոքների համար իրավական դաշտը եւ այն եղանակը, որով ընտրական հանձնաժողովները եւ դատարանները քննել են ընտրական վեճերը, հաճախ թողել են շահագրգիռ անձանց առանց իրենց բողոքների արդյունավետ քննության՝ հակասելով ԵԱՀԿ պարտավորություններին: Ընտրական օրենսգիրքը խստորեն սահմանափակում է բողոք ներկայացնելու իրավունքը, եւ ընտրական իրավունքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները չեն կարող բողոքարկվել վերադաս դատարան»:

«Այն դեպքում, երբ բացման գործընթացները դրական են գնահատվել դիտարկված գրեթե բոլոր ընտրական տեղամասերում, քվեարկության ընթացքը բացասաբար է գնահատվել ավելի քան 10 տոկոսում, ինչը զգալի է: Դիտարկված ընտրական տեղամասերից զգալի մեծ մասում քվեարկության գործընթացը կանոնակարգված եւ լավ կազմակերպված է եղել, սակայն, կազմակերպչական խնդիրներ, գործընթացի անհարկի միջամտության եւ
լուրջ խախտումների դեպքեր են դիտարկվել բավական մեծ թվով ընտրական տեղամասերում: Այցելած ընտրական տեղամասերից 8 տոկոսում դրսում առկա են եղել քարոզչական նյութեր», - արձանագրում է զեկույցը:

Կարող են արդյո՞ք նշված թերություններն ու խախտումներն ազդել ընտրությունների արդյունքի վրա: Այս հարցին ի պատասխան` ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսիսկո-Խավիեր դե Դոննեան նշեց, որ կազմակերպչական բնույթի` հիմնականում ընտրողների հարմարավետության ապահովման բացակայության հետ կապված խնդիրները «վստահաբար չեն կարող ազդել արդյունքի վրա»:

«Սակայն Ընտրական օրենսգրքի մի շարք պահանջների չկիրարկման, վախի մթնոլորտի ձեւավորման, ճնշումների, անհարկի միջամտությունների, անհավասար պայմանների, նվերների, օրինակ, 500 տրակտորների տրամադրման, վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը կարեւոր են, եւ կարծում եմ, դրանք հարցեր են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անդրադառնա», - նշեց դե Դոննեան:

Ասուլիսի մյուս մասնակիցները եւս ասացին, որ խնդրահարույց է, թե արդյոք խախտումները ընդհանուր առմամբ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան, մասնավորապես, նշեց, որ չկա այդ հարցը հստակեցնելու կոնկրետ մեթոդոլոգիա:

Դիտորդական առաքելությունների գրեթե բոլոր ներկայացուցիչները հատուկ ընդգծեցին, որ արձանագրված խախտումներին իշխանությունները պետք է անդրադառնան ու համարժեքորեն արձագանքեն մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները:

Բանախոսները հետեւողականորեն խուսափեցին այս ընտրությունները նախորդների հետ համեմատելուց: ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավարը միայն ասաց, որ այս ընտրություններին առկա էր մեծ առաջընթաց` համեմատած Խորհրդային Միությունում տեղի ունեցող ընտրությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG