Մատչելիության հղումներ

Միջազգային մի շարք պարբերականներ՝ «Վաշինգտոն փոստ»-ից մինչեւ «Դեյլի սթար» այսօր անդրադարձել են հայաստանյան խորհրդարանական ընտրություններին:

Որոշ պարբերականներ արտատպել են «Ռոյեթրզ»-ի եւ «Ասոշիեյթեդ փրես»-ի հաղորդագրությունները՝ փաստելով, որ այս ընտրությունը ըստ էության քննություն էր նախագահ Սերժ Սարգսյանի համար՝ հաջորդ տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իր նկատմամբ հասարակության վստահությունն ի ցույց դնելու նպատակով։

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ փորձագետները փաստում են, որ բանավեճի ու խոստումների առյուծի բաժինը վերաբերել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, աշխատավարձերի բարձրացմանն ու գործազրկությանը։ «Քարոզարշավի 90 տոկոսը խոստումներ էին՝ մարդկանց կյանքը առավել բարեկեցիկ դարձնելու, աղքատությունը նվազեցնելու, աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու, ստվերային տնտեսությունը կրճատելու վերաբերյալ», - BBC-ին ասել է Երեւանում աշխատող փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ ըստ էության կուսակցությունների նախընտրական ծրագրերում լուրջ տարբերություններ չկային առաջարկվող տնտեսական լուծումներ Ռուսաստանի հետ համագործակցության ու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հետ կապված։ «Հիմնական պայքարը ընթանում էր ոչ թե ընդդիմության ու իշխանության միջեւ, այլ հենց այդ երկու ճամբարների ներսում՝ Հանրապետականի ու «Բարգավաճ»-ի, ընդդիմության դաշտում՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» ու Դաշնակցության միջեւ», - փաստում է BBC-ն։

«Բլումբերգ» գործակալությունը անդրադարձել է նաեւ ընտրությունների արդյունքներին ու հնարավոր նոր կոալիցիայի ձեւավորմանը. - «Եթե հաջողվի Հանրապետականներին ստիպել նոր կոալիցիա կազմել, դա կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը», - գործակալությանն ասել է Լոնդոնում գործող փորձագիտական կենտրոններից մեկի՝ IHS Global Insight-ի վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանը։

Երեւանում գործող վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն էլ իր հերթին կարծիք է հայտնել, որ եթե ՀԱԿ-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ վերադառնա խորհրդարան, ապա դա կարող օգնել, որ դժգոհության ալիքը մեղմվի եւ հնարավոր բողոքի ակցիաները սահմանափակվեն։

Թեմային անդրադարձել են նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցները. «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը զրուցել է «Վեստնիկ Կավկազա» գործակալության խմբագիր Ալեքսեյ Վլասովի հետ։ «Վերջին տվյալների համաձայն, ընտրությունների արդյունքում նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմել, արդյո՞ք սա խոսում է իշխանությանը տված վստահության մասին», - հարցրել է լրագրողը: Փորձագետը պատասխանել է. - «Ընդհանուր առմամբ՝ այո: Սակայն կուզեի նշել, որ խորհրդարանում ներկայացված կլինեն նաեւ այլընտրանքային քաղաքական ուժեր, ավելին ՝ որոշակի տարաձայնություններ են նկատվում հենց իշխող կոալիցիայի ներսում, որին անդամակցում է նաեւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Այս առումով Հանրապետականները, անշուշտ, շատ լավ արդյունք են արձանագրել: Այդուամենայնիվ իշխող կուսակցությունը դեռեւս շատ բան պետք է անի՝ դաշնակից կուսակցությունների կողմից եւս աջակցությունը պահպանելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG