Մատչելիության հղումներ

Պետդուման Մեդվեդեւին հաստատելու է վարչապետի պաշտոնում


Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի երդմնալակության արարողության ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2012թ.
Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի երդմնալակության արարողության ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2012թ.

Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալությունից հետո վարչապետի պաշտոնում առաջադրել է Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը։

Տանդեմը շարունակում է հետեւողականորեն իրականացնել անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա» կուսակցության
12-րդ համագումարում հրապարակած ծրագիրը, ըստ որի` վարչապետ Պուտինը եւ նախագահ Մեդվեդեւը քաղաքական փոխատեղում էին կատարելու։

Նախօրեին Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, ընդ որում, այս մեկը` վեց տարով։

59-ամյա Պուտինը այս տարվա մարտի 4-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն քվեների 63 տոկոսն է հավաքել։

Հետխորհրդային Ռուսաստանում երեկ նախագահի պաշտոնամուտի վեցերորդ արարողությունն էր։

Պուտինը նախագահել է 2000 - 2008 թվականներին եւ հիմա դառնում է Ռուսաստանի Դաշնության չորրորդ նախագահը։

Վերլուծաբանները չեն բացառում, որ նա կարող է նախագահել մինչեւ 2018 թվականը։

Երեկ Մեդվեդեւն իր ելույթում ասել է, թե ուրախ է, որ նախագահի պաշտոնը ստանձնում է բնակչության մեծամասնության վստահությունը վայելող փորձառու քաղաքական գործիչ եւ հզոր առաջնորդ Վլադիմիր Պուտինը։

Երեկ իսկ Պուտինը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում Մեդվեդեւի թեկնածությունն է առաջադրում։

Եվ ահա այսօր Պետական դուման արտահերթ նիստում պետք է հավանություն տա նախագահի առաջարկին, ինչից հետո կսկսվի նոր կառավարության կազմավորման գործընթացը։

Մեդվեդեւը երեկ հանդիպել է Պետդումայի խմբակցությունների ղեկավարներին եւ ներկայացրել իր աշխատանքային ծրագիրը։

Երեկ էլ վարչապետի պաշտոնակատար Վիկտոր Զուբկովը եւ կառավարության մնացած անդամները հրաժարականի դիմումներ են հանձնել Պուտինին` այդ է պահանջում Սահմանադրության 116-րդ հոդվածը։

Դաշնային գործակալությունների, ծառայությունների եւ պետական կոմիտեների ղեկավարները կառավարության անդամի կարգավիճակ չունեն եւ չեն ազատում պաշտոնները։

Հրաժարական ներկայացրած վարչապետի պաշտոնակատարը, 7 փոխվարչապետներ եւ 18 դաշնային նախարարներ, ընդունված կարգի համաձայն, շարունակելու աշխատել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

Ի դեպ, ըստ Սահմանադրության, նորընտիր նախագահն ունի երկու շաբաթ ժամանակ վարչապետ առաջադրելու համար, սակայն տանդեմը վճռել է արագ կատարել համաձայնեցված ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG