Մատչելիության հղումներ

1926 թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը, Հայաստանում եւս մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր:

«Ես 18 տարեկանից ընդունվել եմ ռադիո: Չգիտեմ ինչ-ինչ պատճառներով, երեւի այդ ժամանակ հաղորդավարները քիչ էին, ռադիոհաղորդավարներին շատ էին հրավիրում հեռուստատեսություն աշխատելու: Ինչքան հաղորդում, որ հեռուստատեսությունում կար, ես այն ժամանակ վարել եմ: Բայց դրան զուգահեռ ես հասկացա, որ ծնվել եմ ռադիոյի համար», - նշում է Հանրային ռադիոյի հաղորդավար Սարգիս Նաջարյանը:

«Անողոք է ռադիոն, դաժան է ռադիոն, բայց եթե սիրում ես եւ հասկանում ես ռադիոյի իմաստը, այդ ժամանակ նա դառնում է քո ընկերը», - ասում է հաղորդավարը եւ հավելում, որ ռադիոյում կարեւոր է ձայնը, իսկ առավել կարեւոր է հոգին, որ փոխանցում է հաղորդավարը:

Սարգիս Նաջարյանը նշում է, որ ժամանակին կար մատյան, որտեղ հաղորդավարները գրանցում էին լեզվի սայթաքումները, հետաքրքիր դեպքերը: «Ես վերցրել եմ այն եւ պատրաստվում եմ գիրք հրատարակել»:

«Շատ հետաքրքիր դեպքեր գրանցում են ուղիղ եթերների ժամանակ», - նշում է Նաջարյանը եւ հավելում, որ ինքն անձամբ գերադասում է ուղիղ եթերը:

«10 տարի ամեն օր 3 ժամ, ամենաքիչը 12 հեռախոսազանգ: Լինում են դեպքեր, որ մարդիկ ավելի լավ են հիշում իմ ասած խոսքերը, պատահած դեպքերը, քան ես: Մեր սայթում, բլոգում շատ հաճախ դնում ենք մեր Գլումիլնիկները` հետաքրքիր դեպքերը: Ծիծաղելի բաներ շաշ-շատ է լինում` գրեթե ամեն օր», - նշում է ռադիո Վանի հաղորդավարներից Եգոր Գլումովը:

Եգորը պատմում է, որ բացի ժամանցային թողարկումներից, ռադիո Վանի եթերների ժամանակ լուծվել են նաեւ մարդկանց մի շարք խնդիրները:

Երաժշտական ռադիոկայաններին անրադառնալով` Գլումովը նշեց. - «Այսօր կա ինտերներտ եւ ցանկացած երաժշտություն հասանելի է մարդկանց: Մենք համարում ենք, որ ռադիոյի դեմքերը հաղորդավարներն են»:

«Ինձ համար ավելի հոգեհարազատ է ռադիոն. չեմ կարող հարմարվել, որ հեռուստաընկերությունում անկեղծությունը չկա, չեմ կարողանում համակերպվել, որ 45 րոպեանոց ծրագիր նկարելու համար 5 ժամ անիմաստ ժամանակ են վատնում, չեմ համակերպվում մոնտաժի, գրիմի հետ եւ շատ այլ բաներ», - ասում է Գլումովը:

XS
SM
MD
LG