Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` անցողիկ շեմը հաղթահարել է 6 քաղաքական ուժ


Ընտրությունների նախնական արդյունքները

Ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 13-ին նիստի ժամանակ կազմեց արձանագրություն` ամփոփելով մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունների նախնական տվյալները:

Ըստ այդ տվյալների` խորհրդարան մտնելու համար սահմանված շեմը հաղթահարել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), «Ժառանգություն»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւ «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ)։

ԿԸՀ-ի ամփոփած տվյալներով` Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների ընդհանուր թվի 43.94 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է 30.13 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսը` 7.08 տոկոսը, «Ժառանգություն»-ը` 5.77 տոկոսը, Դաշնակցությունը` 5.72 տոկոսը, «Օրինաց երկիր»-ը` 5.48 տոկոսը։

Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական եւ «Միավորված հայեր» կուսակցությունները չեն հաղթահարել խորհրդարանում կուսակցության ներկայացված լինելու համար պահանջվող 5 տոկոսի շեմը` ստանալով, համապատասխանաբար, ձայների 0.37, 1.06 եւ 0.20 տոկոսը։

Վերոհիշյալ տվյալներում, ինչպես պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հաշվի է առնված նաեւ անճշտությունների թիվը։

ԿԸՀ-ն սկսած կեսգիշերից համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները հրապարակում էր երեք ժամը մեկ։ Առավոտյան ժամը 9-ից հետո Հայ ազգային կոնգրեսի ստացած քվեները աստիճանաբար ավելացան տասնորդական տոկոսների շնորհիվ, եւ ՀԱԿ-ը, ի վերջո, հաղթահարեց խորհրդարան մտնելու համար դաշինքին անհրաժեշտ 7 տոկոսի շեմը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է բացատրում այդ հանգամանքը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. - «Բոլորդ ներկա եք եղել, այդ թվերը, որոնք ստացվում էին տեղամասերից, դրանք ստացվում էին, ի, դեպ, ոչ թե մեկ ընտրատարածքի, այլ տարբեր ընտրատարածքների տեղամասերից` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպիսին է ընտրողների թիվը` մեծ է, փոքր է, եւ այլն, դրանով պայմանավորված` մի թիվն ավելի շուտ է ստացվում, մյուս թիվը ավելի ուշ է ստացվում... »։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ տվյալներ՝ 41 ընտրատարածքներում առավելապես հաղթանակ են տանում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող թեկնածուները։

«Սա ՀՀԿ-ի բրեժնեւյան հաղթանակն էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրությունների նախնական արդյունքները մեկնաբանեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, - «Մեծամասնականը եւ համամասնականը միասին 70-ից ավել պատգամավորական տեղ ունի Հանրապետական կուսակցությունը, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 30-ից ավելի, մնացածը 6-7 տեղեր են, որը որակ չեն կազմում։ Ստացանք բացարձակ միակուսակցական խորհրդարան՝ իհարկե ժողովրդավարական դիզայնով։ Փոքր խմբակցությունները, նաեւ ԲՀԿ-ն, եթե, ընդունենք, կոալիցիա չի մտնում, խորհրդարանական գործունեության ժամանակ իրենց առաջարկությունները կանեն, կքննադատեն, բայց վերջնականորեն ամեն ինչ որոշելու է միայն մեկ կուսակցությունը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը»։

Քվեարկության վերջնական արդյունքները ԿԸՀ-ն պետք է ամփոփի ընտրություններից հետո 7 օրվա ընթացքում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG