Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրությունների ընթացքը, ասաց, որ ընդհանուր առմամբ Հանրապետականը գոհ է ընտրությունների ընթացքից։

«Չնայած որոշ քաղաքական ուժեր փորձում են ստվերել ընտրությունների ընթացքը՝ անկշռադատված եւ չմտածված հայտարարություններ անելով, նախապես պլանավորված տեղեկատվական պատերազմ հայտարարելով ընտրություններին եւ Հանրապետականին, բայց ձախողված էին այդ բոլոր փորձերը, որովհետեւ այսպես կոչված «տեղեկատվական պատերազմում» օգտագործված «զենքերի» ճնշող մեծամասնությունը կամ արդիական չէր, կամ ակնհայտորեն ապատեղեկատվություն պարունակող զենքեր էին», - հայտարարեց Աշոտյանը։

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը, սակայն, հրաժարվեց նշել որեւէ կոնկրետ քաղաքական ուժի անուն։

«Ես չեմ ուզում թիրախավորել։ Մենք չունենք հակառակորդներ, մենք ունենք մրցակիցներ, որոնք, ցավոք սրտի, երբեմն իրենց նպատակին հասնելու համար անցնում են բարոյականության գրված եւ չգրված որոշակի նորմեր», - հավելեց Աշոտյանը։

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին՝ Հանրապետականի ներկայացուցիչը կարծում է, որ դրանք եզակի են, եւ ընտրության արդյունքների վրա լուրջ ազդեցություն ունենալ չեն կարող։

XS
SM
MD
LG