Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը ԲՀԿ-ին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ


Սասուն Միքայելյան
Սասուն Միքայելյան
Հրազդանն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքի 24-րդ ընտրատեղամասի դիմաց այսօր քաշքշուք եւ վիճաբանություն է տեղի ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջեւ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի Հրազդանի գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը, իրենց ներկայացուցիչները կասկածելով, որ ԲՀԿ-ականները մեքենայի մեջ ընտրակաշառք են բաժանում, մոտեցել են, ինչին հաջորդել է վիճաբանությունը, սակայն միջադեպն արագ հարթվել է՝ առանց լուրջ հետեւանքների:

Հիշեցնենք` թիվ 25-ը այն ընտրատարածքն է, որտեղ մեծամասնական ընտրակարգով հիմնական մրցակցությունը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի շրջանակներում համագործակցող ընդդիմադիր ՀԱԿ-ի եւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուների` 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով երեք տարի կալանավայրում անցկացրած Սասուն Միքայելյանի եւ ԲՀԿ Հրազդանի տարածքային կառույցի քաղխորհրդի անդամ, 37-ամյա Դավիթ Քոչարյանի միջեւ է:

Սասուն Միքայելյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ կոնկրետ իրենց ընտրատարածքում իրենք ԲՀԿ-ի հետ չեն համագործակցում, ավելին` Հանրապետականն ու ԲՀԿ-ն միասնական ուժերով իր դեմ են աշխատում:

«Փող են բաժանում համատարած` 30 հազար դրամ: 10 հազար Հարապետականն է տալիս կուսակցության համար, 5000` Քոչարյան Դավոյի համար, 10 Բարգավաճն է տալիս, 5000 հազար էլ` Քոչարյան Դավիթի համար: ԲՀԿ-ն էլ է փող բաժանում, լավ էլ բաժանում է: Մեր տարածքում ազատ, արդար ընտրություն երբեք չի եղել: Ողջ պետությունը միշտ էլ եղել է իմ դեմ, հիմա նույնն են անում», - ասաց Միքայելյանը` շարունակելով. - «Մարզպետով հրահանգ, նույն կարգավիճակ, նորից լրիվ տեղերն ասել, գյուղապետերին ճնշել, որ պիտի Բարգավաճի թեկնածուն անցնի, իրենց պրոբլեմը էսօր ես եմ: Մինչեւ լույս փող են բաժանել, էս երեք օր է բաժանում են: Համատարած բաժանում են»:

Հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ին տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն էլ է կաշառք բաժանում, Միքայելյանը պատասխանեց. - «Ի՞նչ տեղեկացնեմ, աշխատում եմ ես իմ հարցերը ստեղ լուծել, իմ ընտրատարածքն է, Կոնգրեսին ի՞նչ ասեմ»:

Ի դեպ, կեսօրին Հրազդանի ընտրատեղամասեր «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին տեղամասերը լեփ լեցուն էին: Չնայած քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հատուկենտ մարդկանց կարելի էր հանդիպել, բայց տեղամասերում ընտրողների հերթ էր: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ընտրողների նման ակտիվությունը, թիվ 25/05 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանը պատասխանեց, որ իրենց մոտ միշտ է այդպես:

Քիչ անց մեկ այլ՝ թիվ 25/21 ընտրատեղամասի դիմաց մի զայրացած տղամարդու հանդիպեցինք, ով չներկայացավ, բայց թույլ տվեց իր հետ զրույցը նկարահանել: Նա ասում էր, որ իր ընտանիքի անդամների տվյալները վերցրել են, որպեսզի գումար տան քվեարկելու համար, բայց «խաբել են», ինքն էլ բոյկոտում է քվեարկությունը:

«Հանրապետականներն եկան գրին, չտվին: 15 մանեթ էին խոստացել, 10-15: Մյուսներին տվել են, մեզի չեն տվել: Էստեղ նստել եմ, ով որ կտա, իրեն կընտրեմ: Չէ, կջնջեմ, սեւ ցուցակ կգցեմ: Սպասում եմ, ով կտա, իրեն կընտրեմ, ես չոտկի մարդ եմ», - ասաց տղամարդը` դժգոհելով. - «Մարդիկ երկու տեղից են փող ստանում, մեզ մի տեղից էլ չհասավ»:

«Համ Բարգավաճից, համ Հանրապետականից», - մանրամասնեց նա:

Հրազդանցի մեկ այլ կին էլ, ով ներկայացավ որպես Կարինե Գասպարյան, ասաց, որ իրեն չէ, բայց իր հարսի ընտանիքին են գումար տվել քվեարկության համար, բայց չասաց` ովքեր:

ԲՀԿ թեկնածուի նախընտրական շտաբը հերքեց ընտրակաշառք վերաբերյալ բոլոր պնդումները: Շտաբը գլխավորող պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ով ԲՀԿ թեկնածուի ազգականն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` հերյուրանքներ որակեց նման լուրերը:

«Մեկնաբանության կարիք չկա զուտ այն իմաստով, որ մեծ հաշվով հակառակորդ են, ինչ էլ ուզենան կասեն, ինչ էլ մտքներով անցնի, կասեն: Էդ ասեկոսեներին ես լուրջ չեմ վերաբերվում», - ասաց Հարությունյանը` հերքելով, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում:

Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ընտրակաշառքի մասին պնդումները:

«Կարծում եմ` մտացածին ասեկոսեները պարտվողների հոգեբանության հետ են կապված: Բնականաբար, ովքեր մտածում են, որ պարտվել են, իրենց համար մի ալիբի պիտի ստեղծեն: Ի՞նչ իմաստ ունի գումար բաժանելը», - ասաց Շահգալդյանը:

Հարցին, թե սատարո՞ւմ են ԲՀԿ-ի մեծամասնական թեկնածուին, Շահգալդյանը պատասխանեց. - «Իսկ ինչո՞ւ պիտի սատարենք»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը դեռեւս Սասուն Միքայելյանի հայտարարությունների առնչությամբ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG