Մատչելիության հղումներ

Արձանագրվել են քվեարկությունը փաստող կնիքի արագ անհետացման բազմաթիվ դեպքեր


Այսօր բազմաթիվ քաղաքացիներ եւ քաղաքական ուժեր ահազանգեցին, որ քվեարկության մասնակցած անձանց անձնագրերում դրվող դրոշմակնիքը արագ անհետանում է:

Թիվ 1/5 ընտրատեղամասում, երբ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանի վստահված անձը նկատեց, որ քվեարկության փաստն արձանագրող անձնագրերում առկա կնիքի թանաքն օքսիդանում է րոպեների ընթացքում, պահանջեց դադարեցնել քվեարկությունը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը զանգահարեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին, որից հետո որոշվեց փոխել կնիքի թանաքը: Կնիքի թանաքը փոխվեց քվեարկության մեկնարկից մոտ 1.5 ժամ հետո: Այդ պահին արդեն քվեարկել էր 153 ընտրող:

«Նոր թանաքը չջնջվող թանաք է: [Ջնջվող] թանաքը մեզ տրամադրել էին ըստ օրենքի` հատուկ թանաք է», - պարզաբանեցին ընտրատեղամասում:

Թիվ 9/11 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, նույնպես կնիքի հետ կապված խնդիրներ կային: Բառացիորեն րոպեներ առաջ քվեարկած մի երիտասարդ հայտնաբերեց, որ անձնագրում կնիքը անհետացել է եւ փորձեց ճշտեց, թե ո՞ւր է կնիքը:

«Ցավդ տանեմ, էդ կնիքը մեր տնից չեմ բերել ես: Ինչ տվել են, ես նրանով աշխատում եմ», - ասաց կնիքը դրած հանձնաժողովի անդամը:

Թիվ 9 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահը այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին հետեւյալը փոխանցեց. - «Թանաք է, հիմա նենց բան է, որ… կան տեղեր, որ այդպիսի բան կա, հրահանգված է, որ սովորական թանաքով խփենք, խնդիր չկա: Իսկ սա հատուկ թանաք է, որ պետք է մի որոշակի ժամանակ հետո ցնդի, այսինք 24-36 ժամ հետո: Հիմա կան, որ քիչ են պահում, երեւի բաղադրության խնդիր է երեւի: Չեմ կարող ասել», - ասաց ԸԸՀ նախագահը:

Թիվ 7/2 տեղամասում եւս մի կին քվեարկեց, որից հետո թանաքն անհետացավ: Նույն ընտրատեղամասում քվեարկած մեկ այլ կին էլ ասաց, թե իր անձնագիրն արդեն 4-րդ անգամ են կնքում եւ չորրորդ կնիքն էլ է անհետանում:

Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հավաստիացնում էր, թե կնիքների թանաքը պահպանվում է 12 ժամ:

«Թանաքանյութի անհետացումը տարրական քիմիական պրոցես է, եւ բնական է, անգամ ջերմաստիճանը կարող է դրա վրա ազդել, բայց, այնուամենայնիվ, խնդիրը, որը դրված է եղել մեր կողմից, որ 12 ժամ պետք է պահպանվի: Ես առաջարկեցի` Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով կասկած ունի, կարող է գալ ԿԸՀ, մենք պատրաստ ենք տրամադրել այն սենյակի բանալին, որտեղ պահպանվում է այդ թանաքանյութ, ինքը ընտրի ցանկացած սրվակ, իր անձնագրի մեջ դրոշմակնքում իրականացնի ու գնա ինքը անձամբ համոզվի: Սա այն խնդիրը չէ, որը կարող է հանկարծ որեւէ մեկը մտածել, որ կօգտագործվի թանաքանյութ, որը 4 ժամ հետո կանհետանա, կգան, կքվեարկեն եւ այլն», - ասել էր Տիգրան Մուկուչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG