Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ վստահված անձը ահազանգում է ուրիշի փոխարեն քվեարկության փորձերի մասին


Ոստիկանները թիվ 8/03 ընտրատեղամասում

Ոստիկանները թիվ 8/03 ընտրատեղամասում

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին լարված իրավիճակ էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8/03 ընտրատեղամասում:

Մոտավորապես ժամը 1-ին տեղի ունեցած միջադեպի մասին պատմեց այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի վստահված անձը` Խաչատուր Բասմաջյանը:

«Համատարած լցվեցին ներս, անկառավարելի դարձավ, ու այդ ընթացքում տարբեր մարդիկ մոտենում էին 2-3 հոգով քվեատուփերի մոտ ու ինչ-որ բաներ էին անում: Այ, տենց խայտառակ վիճակ էր, ընդհուպ մինչեւ ասում էինք` ո՞ւմ են ոստիկաններ, նրանք չկան: Ու այդ ամեն ինչը փաստորեն անտեսում էր մեր հանձնաժողովի նախագահը: Երբ ես նրան ասացի` ո՞ւմ են ոստիկանները, կանչեք ոստիկաններին, թող մարդկանց պահեն, ասաց` դա ես եմ որոշում` կանչեմ, թե` չկանչեմ», - պատմեց Բասմաջյանը:

Ընդդիմադիր թեկնածուի վստահված անձը պնդում էր, որ ընտրատեղամաս մտած անձինք քվեաթերթիկներում ուրիշների փոխարեն նշումներ էին կատարում, իբրեւ թե օգնում էին: Սակայն Բասմաջյանը ասաց` չի կարողացել արձանագրել, թե ում օգտին էի քվեարկում:

8/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարատ Պապյանը կտրականապես հերքեց, թե միանգամից մի քանի մարդիկ մոտեցել են քվեախցերին:

«Միջադեպը տեղի է ունեցել ՀԱԿ-ի աշխատողների պատճառով: Ժողովուրդը շատ էր, ասում էին, էս ի՞նչ հոսք է, միլիցիաներին բերել ենք, կարգի ենք հրավիրել, էսքան բան», - ասաց Պապյանը` հերքելով, թե ուրիշի փոխարեն քվեարկության դեպք է եղել. - «Չի կարող տենց բան լինի, հանձնաժողովը նստած է, բոլորը ներկա են, տենց բան չկա»:

Հարցին, թե իսկ մի քանի հոգով չեն մոտեցե՞լ մեկ քվեատուփի, Պապյանը պատասխանեց. - «Մոտեցել են, ուղղակի էս թերթիկները մենք ինչքան հնարավոր է պահում ենք, որ քիչ-քիչ գա հոսքը»:

ՀԱԿ ներկայացուցիչները փոխանցեցին, որ միջադեպից հետո Հայ հեղափոխական դաշնակցության վստահված անձը` տիկին Անահիտը, վատ է զգացել եւ հուզված հեռացել է ընտրատեղամասից: Հանձնաժողովի նախագահն ասաց` ոչինչ չի տեսել եւ չգիտի, թե որտեղ է ՀՅԴ ներկայացուցիչը:

Լարվածությունը հարթելու համար ընտատեղամասեր էր եկել 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Վարազդատ Խաչատրյանը:

«Ոստիկանները կարգավոր են այդ հարցը, ամեն ինչ վերահսկողության տակ է: Մի քիչ էլ կմնանք, կնայենք, որ ամեն ինչ նորմալ է գնում, նոր կգնանք», - ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցչի պնդումներին` Խաչատրյանն ասաց. - «Դեռ չեմ խոսել ՀԱԿ ներկայացուցչի հետ, տեղեկություն չունեմ: Ինձ նման բան ասող չի եղել: Մոտեցել են մարդիկ, խնդիրներ կան ընտրատեղամասում, ուղղություն ենք տալիս` ոնց աշխատեն, որ ճիշտ լինի, բայց կոնկրետ նման խոսակցություն առայժմ չեմ լսել»:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող մյուս` 7-րդ ընտրատարածքում ընտրախախտումների մասին կրկին բարձրաձայնում էր ընդդիմությունը: 7/02 տեղամասում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձը Սիփան Փաշինյանի խոսքով, հանձնաժողովը աչք է փակում ընտրախախտումների վրա:

«Թանաքը ցնդում էր, մինչեւ ժամը 1-ը 500 հոգի մարդ էր մասնակցել: Բոլորը հրաժարվեցին ստորագրել որեւիցե արձանագրության տակ, ասում են չեն տեսել եւ այլ պատճառաբանություններով չեն ստորագրում», - ասաց Փաշինյանը:

«Չստորագրելն իմ իրավունքն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց հանձնաժողովի նախագահ Արտաշես Գրիգորյանը. - «Ես ի՞նչը ստորագրեմ: Եթե մենակ ինձանով է սկսվելու այդ ամեն ինչը, ես կարող եմ չստորագրել, թող մնացած բոլոր վստահված անձերը բոլոր կուսակցությունների մարդկանց զգուշացնեն, որ տենց է: Թող կազմեն իրենց արձանագրությունը, ստորագրեմ, տամ իրեն»:

7/03 ընտրատեղամասում եւս Նիկոլ Փաշինյանի վստահված անձը` Հայկ Գեւորգյանը խախտումներ էր արձանագրել:

«Մարդիկ ակնհայտորեն բերվում են «Գազելներով», մի մեծ խումբ է գալիս, այդ խումբը վերջանում է ու ահագին ժամանակ ոչ մեկ չկա, բոլորը նույն շենքից են, բոլորը իրար հետ խոսում են, հանձնաժողովի անդամների հետ կոնտակտ մեջ են», - պատմեց Գեւորգյանը:

Սամվել Ալեքսանյանի վստահված անձ Էդուարդ Սարգսյանը որեւէ ընտրախախտում չէր արձանագրել, մարդկանց տեղամասեր բերելու վերաբերյալ էլասաց, վատ բան չկա:

«Նորմալ է, ախպերս, նորմալ անցնում է: Կարող ա մեծ մարդիկ են լինում, «Գազելներով» բերվում են, էտի վատ բա՞ն է», - հարցրեց Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG