Մատչելիության հղումներ

Միասնական շտաբը վտանգված է համարում ընտրությունների օրինականությունը


Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը «հրավիրում է Հայաստանի պետական մարմինների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղի է ունենում կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող եւ օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են»։

Երեք քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ձեւավորած միասնական շտաբի քիչ առաջ տարածած հայտարարության համաձայն` «այս իրավիճակի կազմակերպված լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր եւ քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում»: «Արձանագրվել են նաեւ վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր», - նշում է միասնական շտաբը` ստեղծված իրավիճակը գնահատելով որպես մտահոգիչ եւ ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց:

«Ընտրողներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչ թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG