Մատչելիության հղումներ

Ալիեւը «հարված է հասցնում ՄԱԿ-ի ԱԽ-ի հեղինակությանը»


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, արխիվային լուսանկար

Պաշտոնական Երեւանը եւ ամերիկահայ համայնքը հակադարձում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահի ելույթին։

Նյու Յորքում հայկական կազմակերպությունները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցի դեմ, ով ժամանել էր Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 20-ամյակի, ինչպես նաեւ իր երկրի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը մեկ ամսով ստանձնելու առիթով կազմակերպված միջոցառումներին:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` Հայ դատի հանձնախմբի անդամ Նազարեթ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք բողոքում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ: Իլհամ Ալիեւը օգտագործում է իր դիրքը ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ժխտելու համար մեր իրավունքները: Մենք այստեղ ենք` բողոքելու համար նրա դեմ, նրա ագրեսիվության, ռասիստական արտահայտությունների, ինչպես նաեւ նրա վարած ռասիստական ու ագրեսիվ քաղաքականության դեմ»։

Ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա, մասնավորապես, ասել է, թե Ադրբեջանը ընդգծում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կոնվենցիա ընդունելու կարեւորությունը, որը արդյունավետ գործիք կլինի ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Այնուհետեւ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը ենթարկվել է «ահաբեկչական հարձակումների»։ «Ադրբեջանը ահաբեկչության թիրախ է դարձել, Հայաստանը ահաբեկչական տասնյակ գործողություններ է կատարել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ ենթակառույցների դեմ, որի արդյունքում երկու հազար ադրբեջանցիներ կորցրել են իրենց կյանքը», - ասել է նա:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «Հայաստանը հարձակումները իրականացրել է իր անվտանգության ուժերի միջոցով, ինչպես նաեւ օգտագործել է միջազգային ահաբեկչական խմբեր»:

Նա ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Հայաստանը լայնամասշտաբ էթնիկ զտումներ է կատարել, որի «կուլմինացիան աշխարհի վրայից ադրբեջանական Խոջալու քաղաքի վերացումն էր»։ Ալիեւը կրկին հայտարարել է Խոջալուի զոհերի, «Ադրբեջանի 20 տոկոսի օկուպացման» ու ավելի քան մեկ միլիոն փախստականների մասին։

Իր ելույթում նա Հայաստանին մեղադրել է նաեւ 1994 թվականին Բաքվի մետրոյի պայթյունների մեջ` ասելով, թե Հայաստանը բնակչության դեմ ահաբեկչական գործողություններ է կատարել նաեւ հակամարտության գոտուց դուրս:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բազում մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին` Ալիեւը իր ելույթի վերջում ասել է, թե Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձեւերը:

Նույն օրը Երեւանում, Ուրուգվայի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարարին հարց էր ուղղվել, թե արդյոք Ադրբեջանը չի՞ օգտագործի ՄԱԿ-ում իր դիրքը Ղարաբաղի վերաբերյալ որեւէ բանաձեւի նախագիծ ներկայացնելու համար:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ անգամ նման փորձերի պարագայում Ադրբեջանը չի կարող որեւէ հաջողություն գրանցել, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ բոլոր երեք երկրներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, որոնք բազմիցս են հայտարարել Մինսկի խմբի՝ իբրեւ խնդրի կարգավորման միակ ձեւաչափի մասին:

Հայաստանի արտգործնախարարարությունը շաբաթ օրը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ալիեւի ելույթի կապակցությամբ։

«Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների եւ անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին իր երկրի հավատարմությունը վերահաստատելու փոխարեն, չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակավոր ամբիոնը՝ ադրբեջանական հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համար, թերեւս մոռանալով միայն հիշատակել «աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են» Ադրբեջանի ղեկավարության ռասիստական հայտնի թեզը», - ընդգծում է Հայաստանի արտգործնախարարությունը։

«Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների: Ցինիզմի առանձնահատուկ դրսեւորում է, երբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարը, որի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր, էթնիկ զտումներ են կազմակերպել հայության դեմ, մի երկրի, որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճով` պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջեւ, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները», - ասված է հայտարարությունում։

«ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ եւ թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը եւ հարված են հասցնում Անվտանգության խորհրդի հեղինակությանը», - իր հայտարարությունը եզրափակում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG