Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը հրահանգել է «ստուգել բոլոր վարկածները»


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ այսօր երեկոյան խորհրդակցություն է կայացել Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի առնչությամբ։

Ոստիկանապետը հրահանգել է աշխատել ողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները եւ բացահայտել կատարվածի ամբողջական պատկերը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Վլադիմիր Գասպարյանի հրամանով արդեն ձևավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր: Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները և տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:

Հիշեցնենք, Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, այսօր տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Կան բազմաթիվ տուժածներ։ Նախնական տեղեկություններով, մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ։


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG