Մատչելիության հղումներ

Նիկոյան. Քոչարյանի խոսքերը որոշ քաղաքական գործիչների համար ոգեւորվելու առիթ չեն


Ազգային ժողովի նախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը չի կարծում, որ հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը որոշ քաղաքական գործիչների համար ոգեւորվելու առիթ է:

Հիշեցնենք՝ նախկին նախագահը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում քննադատել էր գործող իշխանություններին: Ընտրություններից երեք օր առաջ արված այս հարցազրույցը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի հինգշաբթի օրը կայացած հանրահավաքում որակեց «դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին»:

«Ես հասկանում եմ, բազմաթիվ քաղաքական գործիչներ կարող են հրճվել եւ կրկնել այն բառերը, ինչ Ռոբերտ Քոչարյանը օգտագործեց: Բայց, անկեղծ ասած, ես դրա կողմնակիցը չեմ, առանձնապես հրճվելու, ուրախանալու եւ ոգեւորվելու ոչինչ չեմ տեսնում: Եվ ես այն մարդկանցից չեմ, որ փորձեմ ավելի շատ ջուրը պղտորեմ, որպեսզի այնտեղից ձուկ որսամ», - Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին: Նա ձեռնպահ մնաց քննարկել, թե ինչու Քոչարյանը որոշեց հիմա խոսել եւ ինչու «գովասանքի խոսքեր ասաց» «Բարգավաճ Հայաստան»-ի մասին, ինչպես ձեւակերպել էին օգտատերերը:

Սամվել Նիկոյանը համաձայնեց, որ Հանրապետական կուսակցությանը քարոզարշավի ժամանակ շատերն են քննադատում, ինչին իրենք ձգտում են «մեղմ պատասխանել»՝ իրավիճակը չսրելու համար:

«Բոլորն են քննադատում, նաեւ իշխանական կուսակցություններն են քննադատում, իրենց չարածի համար էլ են մեզ քննադատում… Ոչինչ, ոչինչ, կարեւորը ընտրություններն ընթանան նորմալ, խաղաղ, հանգիստ պայմաններում եւ որպեսզի հետընտրական գործընթացներ չլինեն: Մեզ համար առաջնայինը դա է, քան ինչ-որ մեկի «պորտը տեղը դնելը», քան ճշմարտությունն ինչ-որ մեկի «դեմքին շփփացնելը», - ասաց Նիկոյանը՝ հավելելով. - «Մենք մեր գործը այս տարիներին կատարել ենք, այդ պատճառով էլ հիմա մկան ցույց տալու, գոռալու ու ճչալու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք»:

Օգտատերերից մեկի խնդրանքով, համեմատելով այս քարոզարշավը 2008-ի ընտրությունների քարոզարշավի հետ, ԱԺ նախագահը դրական առումով մեծ տարբերություն տեսավ եւ համոզմունք հայտնեց, որ 2008-ի մարտի 1-ից եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը «դասեր են քաղել»:

«Չկա նախկին թշնամանքը, չկա միմյանց ոչնչացնելու ցանկությունը, միմյանց քարկոծելու, սեւացնելու… կա մրցակցություն, որոշ դեպքերում դա կարող է պարկեշտության սահմաններից դուրս գալ, ճշմարտության սահմաններից դուրս գալ: Դա կարող ես դիտարկել քարոզչության տեխնոլոգիաների շրջանակներում, բայց ասել՝ կա թշնամություն, ես այդ տեսակետին չեմ: 2008 թվականին դա առկա էր: Փառք Աստծո, բոլորը դրանից դասեր են քաղել, բոլորը», - շեշտեց Նիկոյանը:

Իսկ այդ դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությունը քարոզարշավի ընթացքում չարաշահում է իր վարչական ռեսուրսները եւ բյուջետային հիմնարկների աշխատողներին ու դպրոցականներին պարտադրված տանում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին, Սամվել Նիկոյանը չհամաձայնեց:

«Փոքր երեխաներ բոլոր կուսակցությունների քարոզարշավներին եմ տեսել», - ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ մարդիկ, անկախ տարիքից, հետաքրքրությունից դրդված են գնում. - «Այդ ասածը, թե «զոռով են բերում», ստիպողաբար էս են անում, էն էն անում… դա հին հայկական հիվանդություն է, որ բոլոր ընտրություններին մեկը մյուսին մեղադրում են»:

Հարցին, թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածուները այդպես էլ քաղաքական բանավեճերի չմասնակցեցին իրենց մրցակիցների հետ, Նիկոյանը պատասխանեց. - «Այսօր ի՞նչ է նշանակում բանավեճ: Այսօր բանավեճը նշանակում է միմյանց հետ մրցակցել, թե ով րոպեի ընթացքում ավելի շատ բառ կարտասանի, ով ավելի շատ կհասցնի մեկ րոպեի ընթացքում դիմացինին ավելի շատ վիրավորել, ընդհատել դիմացինին, ինքը խոսել, եւ ով ումից ավելի բարձր կխոսի, կգոռա նրա վրա, որպեսզի գնա եւ արժանանա «լավ տեղը դրեցիր», «դու նրան ջախջախեցիր, հաղթեցիր» գնահատականներին: Հայաստանում քաղաքական բանավեճի ինստիտուտը դեռեւս չի կայացել եւ, ցավոք սրտի, դա նման է «մենամարտ առանց կանոնների»: Եվ փորձել քո ամբողջ քարոզչությունն այդ դաշտում ծավալել, կարծում եմ, այնքան էլ խելամիտ չէ», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG