Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կոչ է անում առավել ուշադրություն դարձնել քաղաքական փոքրամասնությանը


Այսօր Մոսկվա կինոթատրոնում Կենտրոն համայնքի բնակիչների եւ Հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթը սկսեց քաղաքական փոքրամասնությանն առավել ուշադրություն դարձնելու եւ քաղաքական մրցակցությունը թշնամության չվերածելու հորդորով։

«Մենք այնքան շատ չենք, որ մեզ թույլ տանք ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց թշնամացնել», - ասաց Սերժ Սարգսյանը, - «Շատ վտանգավոր է քաղաքական փոքրամասնությանը մեկուսացնելու ու ասպարեզից դուրս մղելու ցանկացած փորձ։ Այսուհետ եւս մենք, բոլորս միասին, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր քաղաքական կյանքը կառավարվի ազգային համաձայնության սկզբունքով»։

Սերժ Սարգսյանն ասաց, թե շարունակելու են ամրապնդել արդարությունը բոլորի համար։

«Մենք կառուցում ենք նոր Հայաստան, որը հավասար հնարավորությունների երկիր է», - ասաց երկրի ղեկավարը՝ նշելով, թե դա նշանակում է, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, անկախ իրենց քաղաքական կամ տնտեսական դիրքից։

«Պետք է բոլորն էլ հիշեն, որ այսօրվա իշխանությունը վաղվա ընդդիմությունն է լինելու», - ընդգծեց իշխող Հանրապետականի ղեկավարը։

Սերժ Սարգսյանը խոստացավ, որ Հանրապետականը կանգնելու է իր իրավունքների համար պայքարող յուրաքանչյուր մարդու կողքին, պահպանելու են երկրի կայունությունը, շարունակելու են բացել երկրի քաղաքական համակարգը եւ մերժել անհատապաշտ առաջնորդների եւ մեծ փողի պարտադրանքը։

Ելույթի վերջում Սերժ Սարգսյանը կոչ արեց քվեարկել Հանրապետականի օգտին՝ խոստանալով, որ չեն անի որեւէ քայլ, որի համար իրենց օգտին քվեարկողները կամաչեն։

Ելույթից հետո Սերժ Սարգսյանն ասաց, թե պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի։

Նշենք, որ դահլիճում հիմնականում ներկա էին մշակույթի գործիչներ՝ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ այլ գործիչներ։

Առանձնացնելով հնչեցված թերեւս ամենակարեւոր հարցադրումներն ու պատասխանները՝ նշենք, որ Հանրապետականի անդամներից մեկն անդրադարձավ բանակի խնդրին, ասելով, թե չի ցանկանում փակագծերը բացել։ Սերժ Սարգսյանն էլ ասաց, թե իր դուրը բոլորովին չեկավ բանակին վերաբերող անդրադարձը, քանի որ տեւական ժամանակ է, որ փակագծերը բացել են․ - «Եվ հենց այդ փակագծերի բացումն է, որ մեր հանրության մեջ որոշակի տպավորություն է ստեղծել, իբր թե հիմա մեր բանակում հանցագործությունները ավելին են, քան նախկինում էր։ Դա այնպիսի մի երեւույթ է, որ անհնար է թաքցնել։ Չի կարող բանակում [զինծառայող] զոհվի, ու դրա մասին որեւէ մեկը չիմանա։ Իմացեք՝ 2011 թվականը պատմականորեն մեր բանակի համար ամենահաջող տարին է եղել, ամենաքիչ զոհերի տարին։ Տարբեր կազմակերպություններ կան, որոնք բանակի մասին ինչ ասես գրում են։ Դա ի՞նչ է։ Այսինքն նրանք բանակի մասին ցավում են, հոգում են, ուզում են այդ թերությունը չլինի, դրա համար են գրո՞ւմ։ Ակնհայտ բան է, չէ՞։ Մենք գոնե պիտի կարողանանք հոգսաշատ մարդուն տարբերել փնթփնթացող մարդուց։ Բանակը հասարակության մի մասն է։ Չի կարող հասարակության մեջ արատավոր երեւույթներ լինեն՝ բանակում դրանք չլինեն։ Ի՞նչ է, բանակը ինկուբատո՞ր է»։

Ներկաներից մեկն էլ բարձրաձայնեց սահմանամերձ գյուղերի դատարկման խնդրի մասին, որին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան տվեց․ - «Ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին, չգիտեմ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետեւ մարդը այսօր, ապրելուց լինի գյուղում, թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, եւ եթե այսօր կա մի գյուղ, որտեղ ապրում են 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով։ Դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերեւ ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այս մի գյուղում ապրեր, մինչեւ կկարողանանք այն վերեւի գյուղ էլ գազ կքաշենք, կամ դպրոց կկառուցենք։ Պրոբլեմները այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռեւս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երեւանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք»։

Ի պատասխան Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի այն հարցին, թե անհրաժեշտ չէ՞ Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ մի ֆիլմ նկարահանել, Սերժ Սարգսյանն ասաց, թե աշխարհում մեզ չպետք է ճանաչեն միայն նրանով, որ ցեղասպանության ենք ենթարկվել եւ ֆիլմի առումով ինքը այլ ընտրություն է կատարել։

«Ես խնդրել եմ Հայաստանից դուրս ապրող հայտնի մի գործարարի, որը արդեն պայմանագիր ունի Մել Գիբսոնի հետ, եւ հիմա նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Կարծում եմ այս տարի նա կգա Հայաստան եւ այդ համաձայնագիրը ենթադրում է նկարահանել Վարդանանքը։ Եվ ֆիլմի նախնական անունը կոչվում է Բյուզանդիայից արեւելք»։

Հավելենք, որ այսօրվա հավաքին մասնակցում էր նաեւ նախկին քաղաքապետ, Հանրապետականի գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը, ով որեւէ հարց չտվեց, ինչպես նաեւ չպատասխանեց մեր հարցերին։

XS
SM
MD
LG