Մատչելիության հղումներ

Քաղաքապետը վստահեցնում է՝ կրպակները այլ տեղում չեն հայտնվի


Քաղաքապետ. Ապամոնտաժվող կրպակները այլ տեղում չեն լինի
please wait

No media source currently available

0:00 0:00:50 0:00

Քաղաքապետ. Ապամոնտաժվող կրպակները այլ տեղում չեն լինի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադոիակայանի հետ զրույցում վստահեցրել է, որ Մաշտոցի պուրակից ապամոնտաժվող կրպակները այլեւս ոչ մի տեղ չեն տեղադրվի:

«Սեփականատերերի հետ դեռ քննարկումները շարունակվում են, եւ սեփանակատերերը իրենք չեն շտատում, պատրաստ են մեզ հետ երկար քննարկել, թե ինչ կլինի այդ ամենը, բայց ոչ կրպակի տեսքով», - ասաց քաղաքապետը. - «Քննարկում ենք, թե ոնց պետք է իրենց այդ սեփականությունը վերականգնեն, բայց ոչ Աբովյան փողոցում, ոչ Մաշտոցի այգում, ոչ էլ այլ ընդհանուր օգտագործման տարածքներում»:

Մինչ Մաշտոցի պուրակում շարունակվում է կրպակների ապամոնտաժումը, բնապահպանները այսօր բողոքի երթ անցկացրին դեպի Երեւանի քաղաքապետարան: Անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ ակտիվիստները հիշեցնում էին, որ քաղաքային իշխանությունները պետք է առաջնորդվեն օրենքներով եւ ոչ թե հաշվի նստեն միայն նախագահի ցանկությունների եւ ճաշակի հետ: Ակտիվիստ Արփինե Գալֆայանը շեշտում էր, որ տեղական ինքնակառավարման մարմինը որեւէ ձեւով կախված չէ նախագահից եւ պարտավորված չէ նրա ճաշակին համապատասխան որոշում կայացնել:

«Սերժ Սարգսյանը փաստորեն ասաց, որ իրեն այդքան էլ դուր չեն գալիս այդ բուտիկները եւ օրինականության հարցը մնաց մի կողմ, որի համար մենք այս ութսուն օրը կանգնած պայքարում էինք: Մենք ուզում ենք հիշեցնել պաշտոնյաներին, որ իսկապես կարեւորում ենք օրինակության վերականգումը եւ նաեւ հիշեցնում ենք, որ իրենք այդ որոշման կայացումը հակասահմանադրական եւ անօրինական ճանապարհով արեցին, դրա համար նվիրում ենք ՀՀ սահմանադրությունը՝ որպես նվեր Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիների կողմից», - ասաց Գալֆայանը:

Երիտասարդները ժապավենով փաթեթավորված ծրարով քաղաքապետ Տարոն Մարգարյանին էին տարել Հայաստանի սահմանադրությունը: Քաղաքապետարանի ընդունարանում բացեցին ծրարը, վերցրին նվերը:

Իրավունքը ավելի գերակա է քան գեղեցիկը, ասում էին բնապահպանները: Նրանք Երեւանի քաղաքապետարանի շենքին «Գեղեցիկ չէ, ապամոնտաժեք» գրությամբ պաստառ փակցրեցին` նկատի ունենալով այն հիմնավորումը, որը ներկայացրեց նախագահը՝ հորդորելով քաղաքապետին ապամոնտաժել կրպակները:

Բնապահպանները պնդում են, որ իրենց պայքարն ավարտված չէ, քանի որ այն ոչ միայն կրպակների դեմ է, այլեւ հանրային սեփականության իրավունքի համար է:

«Ինչո՞ւ, երբ առաջին անգամ օրինական պահանջը ներկայացվել է քաղաքապետին, ինչո՞ւ այն ժամանակ չի կատարվել, ինչո՞ւ են թողնում վերջին պահին, երբ գալիս է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա եւ ասում է, նոր այդ ժամանակ փոխում է: Սա ապացուցում է, որ Երեւանի քաղաքապետարանը չի հասկանում իր լիազորություններն ու պարտականությունները եւ չի կարողանում հասկանալ, որ ինքը ենթարկվում է հանրությանը, տվյալ դեպքում Երեւան համայնքի բնակիչներին», - ասում էր ակտիվիստ Գոռ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ պայքարը տեղափոխվել է իրավական դաշտ, ընդ որում խոսքը նաեւ այգում ուժ կիրառած ոստիկանությանը պատասխանատվության կանչելու մասին է: Ակտիվիստները այսօր դատաբժշկական փորձաքննության էին գնացել: Նրանց խոսքով՝ կիրակի օրը այգում ոստիկանների կիրառած ուժի հետեւանքով տարբեր տեսակի վնասվածքներ ստացած երիտասարդների թիվը հասնում է երկու տասնյակի: Հակոբյանը փոխանցեց, որ իրենք հրաժարվել են բացատրություն գրել՝ պահանջելով, որպեսզի գործը քննի Հատուկ քննչական ծառայությունը:

«Ոստիկանության կողմից արված բռնությունը չի կարող ինքը՝ ոստիկանությունը քննել, դա անկողմնական չի կարող լինել», - ասաց ակտիվիստը:

Սակայն Մաշտոցի այգում շուրջ երեք ամիս հերթապահած երիտասարդները արձանագրում են, որ պայքարի միջոցով ունեն նվաճում, այգին կմնա այգի, ավելին` կբարեկարգվի:

«Նախադեպ ենք ստեղծում եւ ցույց ենք տալիս հանրությանը, որ երկարաժամկետ, կայուն, վճռական պայքարը կարող է փոփոխության բերել», - ասում էր ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG