Մատչելիության հղումներ

logo-print

Դեմիրճյանը դրական գնահատեց միայն քարոզարշավի լուսաբանումը


ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում դրական գնահատեց քարոզարշավի լուսաբանումը: Նրա խոսքով՝ զգալի առաջընթաց կա միայն լուսաբանման առումով:

«[Քարոզարշավը] համակողմանի լուսաբանվեց, այս առումով դրական եմ գնահատում, սակայն իշխանության մեթոդները նույնն են մնացել վարչական ռեսուրսի օգտագործման առումով», - ասաց Դեմիրճյանը:

ՀԺԿ-ի նախագահը դրական գնահատեց նաեւ ՀԱԿ-ի քարոզարշավը:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որը նախ ակտիվությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի ցածր է, սովորաբար իշխանության փոփոխության հույսը մեր ժողովուրդը կապում է նախագահական ընտրությունների հետ, նկատի ունենալով նաեւ, որ առհասարակ մարդիկ հիասթափված են ընտրություններից, այնուամենայնիվ, գնահատում եմ դրական», - ասաց նա:

Դեմիրճյանը չբացառեց, որ ՀԱԿ-ը կարող է ընտրություններից հետո կոալիցիա կազմել այլ քաղաքական ուժերի հետ: ՀԱԿ-ն ունի ուժեղ մեծամասնական թեկնածուներ եւս՝ Սարիբեկ Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը, եւ արդար ընտրությունների դեպքում խորհրդարանում նրանց ներկայությունն ապահովված է, կարծում է ՀԺԿ նախագահը:

«Ես կանխատեսումներ չեմ ուզում անել, սակայն հենց այդ հանդիպումները եւ նաեւ երեկվա ամփոփիչ հանրահավաքը հիմք են տալիս ասելու, որ ՀԱԿ-ը քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում ծանրակշիռ ներկայություն կունենա խորհրդարանում: Խոսքը հինգ, վեց, յոթ տոկոսի մասին չէ», - ընդգծեց ՀԺԿ-ի ղեկավարը:

Սակայն Դեմիրճյանն, ընդհանուր առմամբ, խուսափում էր գնահատականներ եւ առավել եւս կանատեսումներ անել: «Ամբողջական գնահատականը մենք կտանք ընտրություններից հետո». այս նախադասությունը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամենից հաճախ հնչեց:

«Սակայն ես մի անգամ ասել եմ՝ մեծ հաշվով այս իշխանություններն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացողություններ են: Եթե կա արդար ընտրություն, չպետք է լինի այս իշխանությունը: Եթե կա այս իշխանությունը, չի կարող լինել արդար ընտրություններ», - ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ իրեն կարդարացնի միասնական շտաբը եւ ի՞նչ հույսեր է ՀԱԿ-ը կապում դրա հետ, Դեմիրճյանը պատասխանեց. - «Ուզում եմ նշել, որ լավ կյանքից չէ, որ այսպիսի շտաբեր են ստեղծվում: Ինձ թվում է՝ առհասարակ բոլորս հոգնել ենք այս խոսակցություններից՝ արդար ընտրություն, շտաբ եւ այլն: Պետք չեն խոսակցություններ, պետք է պարզապես արդար ընտրություններ անցկացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG