Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն ավարտեց Շիրակի մարզում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախ հանդիպեց ազատանցիների հետ: Մինչ հանդիպումը նա գյուղի եկեղեցի մտավ, մոմ վառեց, ապա զոհված ազատամարտիկների խաչքարին ծաղկեպսակ դրեց: ԲՀԿ առաջնորդը, ազատանցիներին դիմելով, եւս մեկ անգամ ասաց, որ պատրաստ է կորցնել ամեն ինչ՝ հանուն ժողովրդի վստահության:

«Մեր ժողովուրդը իրոք սպասում ունի, հավատը չի կորցրել, մարդիկ ուզում են լավ ապրել, ուզում են հավատալ, որ ասածը իրականություն է դառնալու, որ ամեն մի քաղաքական գործիչ, եթե ճառ է ասում, պետք է իմանա, որ այդ ճառը պետք է իրականություն դարձնի, ոչ թե ճարտար խոսի, ժողովրդի ցավոտ մասերից խոսի ու հինգ տարի մոռանա», - ասաց նա:

Ծառուկյանն այստեղ խոստովանեց, թե ինչից է ավելի շատ նեղվում. - «Տեսնելով երկրի վիճակը՝ ես նեղվում եմ, սիրելի ժողովուրդ: Նեղվում եմ, որովհետեւ եթե ժողովուրդը պակասում է, ուրեմն զարգացում չկա, հզորություն չկա, գնալով ավելի հանգչելու է: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր գնացածներն էլ հետ գան: Հետ կգան այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ կա պայման, արդարություն, հնարավորություն: Ամեն մեկը կգա իր հայրենքի, իր ծնողի, իր կնոջ կողքը», - ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը քննադատեց նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք խոստանում են շատ կարճ ժամանակահատվածում հազարավոր աշխատատեղեր բացել:

«Այսօր ով ասում է, որ աշխատատեղերը վաղը բացելու են բոլորի համար, դա սուտ է: Կբացվի հինգ տոկոս, երեք տոկոս, երկու տոկոս, բայց հիմնական խնդիրը պետք է պայման ու հնարավորություն ստեղծվի, որ ամեն մարդ իր հնարավորության սահմանում, իր գիտելիքի, իր արհեստի շնորհիվ կարողանա առաջիկայում իր խնդիրը լուծի, իր հացի գումարը վաստակի», - ասաց Ծառուկյանը:

Հանդիպման ավարտին դիմելով հավաքվածներին՝ ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ եւս կոչ արեց մասնակցել ընտրություններին, չվախենալ ու քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, ում վստահում են:

Ծառուկյանը Ազատանից ուղեւորվեց Ամասիա եւ Աշոցք, իսկ քարոզարշավի եզրափակիչ հանդիպումը կայացավ Գյուրիի Թատերական հրապարակում: Ծառուկյանն այստեղ ասաց, թե աղետից 24 տարի է անցել ու դեռ մարդիկ տուն չունեն: Ըստ նրա՝ այդ խնդիրը կարելի էր լուծել 3-5 տարվա ընթացքում: Ծառուկյանն ասաց՝ իր համար ամենակարեւորը մարդկանց հնարավորություն տալն է, որ նրանք կարողանան աշխատել ու ստեղծել, այլ ոչ թե խանգարել:

«Աշխատող մարդուն ոչ մեկը իրավունք չունի խանգարելու: Ասում են, պարոն Ծառուկյան, ի՞նչ ես դու ուզում, ասում եմ՝ ես ինձ համար բան չեմ ուզում, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը աշխատանք ունենա, լավ ապրի, մոռանա արտագաղթի ճանապարհ», - ասաց նա:

Ծառուկյանը ուշագրավ մեջբերում արեց Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերից, որն ուղղեց պաշտոնյաներին ու մեծահարուստներին. - «Մակեդոնացին, որ աշխարհի տիրակալն է եղել, մահանալուց խնդրել է, ասել է՝ ինձ թաղելուց ձեռքերս բաց դրեք, որ ժողովուրդը տեսնի, որ հետս բան չեմ տանում: Դա պետք է բոլորին ուղեցույց լինի, որ ոչ մի պաշտոնյա, չինովնիկ, մեծահարուստ հետը չի տանելու, նա պետք է ճիշտ օգտագործի՝ հանուն իր երկրի, իր ժողովրդի, որ կարողանա ժողովրդի հարգանքը վայելի, ինձ ճիշտ հասկացեք», - ասաց նա:

Վերջում դիմելով հավաքվածներին՝ Ծառուկյանը ասաց, թե «մի ալարեք, գնացեք ընտրության, որ հետո ոչ մեկին չմեղադրեք»:

«Այսօր ոչ մի բան որոշված չէ, սիրելի ժողովուրդ: Տեսնում եք հրմշտոցը, պարտադրանքը, դռնեդուռ ընկնելը, համոզելը, մեկը մյուսի վրա ցեխ շպրտելը, բայց միայն թույլ մարդիկ են ցեխ շպրտում: Ուժեղ մարդը գիտի իր գինն էլ, արժեքն էլ, հզորությունն էլ», - ասաց նա:

«Ամենակարեւորը իմացեք, որ անհնարին ոչինչ չկա, հարկավոր է ցանկանալ, ձգտել, պայքարել եւ հաղթել», - ամփոփեց Ծառուկյանը:

Ելույթից հետո գյումրեցիները նամակները ձեռքներին փորձում էին մոտենալ ԲՀԿ առաջնորդին, բայց դա բոլորին չհաջողվեց: Նա, համենայնդեպս, իր հետ բազմաթիվ նամակներ տարավ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG