Մատչելիության հղումներ

logo-print
Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն այսօր Երեւանում հայտարարեց, որ իր երկիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման ֆունդամենտալ սկզբունքի կիրառման մեջ:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանի իր պաշտոնակից էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին նաեւ հայտարարեց, որ Ուրուգվայը հարգում է Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ընդունված բոլոր սկզբունքները՝ «բայց եւ մեզ համար բացահայտ է, որ հարցի լուծումն ինքնորոշման մեջ է, եւ ոչ՝ ռազմական ուժի կիրառման»։ Լուիս Ալմագրոն հավելեց, որ Ուրուգվայը այս խնդրում հարգում է Մինսկի խմբի, իր ձեւակերպմամբ՝ «շատ պարզ դիրքորոշումը»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ուրուգվայի արտգործնախարարը նաեւ խոստորեն դատապարտեց հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման վերջին փաստերը, որոնք հանգեցրել էին մարդկային զոհերի:

Նույն հարցի առնչությամբ էդվարդ Նալբանդյանը վկայաբերեց համանախագահ երկրների ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեվի եւ Սարկոզիի համատեղ հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումն է հանգեցրել առկա իրավիճակին, եւ նոր ուժի կիրառումն անընդունելի է ու խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

«Այդ ուղերձը հասցեագրված էր հենց Ադրբեջանին։ Կարծում եմ, որ միայն հայտարարություններով չէ, այլ նաեւ համապատասխան բանակցությունների ժամանակ Ադրբեջանը լրջորեն զգուշացվում է այդ վարքագծի վերաբերյալ, որ դա անընդունելի վարքագիծ է եւ կարող էր ունենալ լուրջ հետեւանքներ առաջին հերթին՝ հենց Ադրբեջանի համար», - նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Կարո՞ղ է արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը մեկ ամսով ստանձնած Ադրբեջանը, օգտվելով առիթից, Ղարաբաղի վերաբերյալ ինչ-որ բանաձեւի նախագիծ ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը: Ի պատասխան այս հարցի, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ անգամ նման փորձերի պարագայում, Ադրբեջանը չի կարող որեւէ հաջողություն գրանցել, քանի որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երեք երկրներն էլ հանդիսանում են Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, որոնք բազմիցս են հայտարարել Մինսկի խմբի՝ իբրեւ խնդրի կարգավորման միակ ձեւաչափի մասին:

XS
SM
MD
LG