Մատչելիության հղումներ

Բրայզա. «ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվորեն զբաղվի ղարաբաղյան կարգավորմամբ»


Մեթյու Բրայզա, արխիվային լուսանկար
Մեթյու Բրայզա, արխիվային լուսանկար
«Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվորեն զբաղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ», - պնդում է Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը հայտարարել է Վաշինգտոնում` Jamestown հիմնադրամում չորեքշաբթի օրը կազմակերպված քննարկման ժամանակ:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու է դոփել տեղում, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միմյանց չեն վստահում: Միացյալ Նահանգները` Մինսկի խմբում ընդգրկված մյուս գործընկեր պետությունների հետ միասին, պետք է անի ամեն ինչ, որպեսզի նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորվի, եւ նրանք կարողանան ավարտին հասցնել բանակցային սեղանին գտնվող շրջանակային համաձայնագրի մշակումը», - նշել է Բրայզան` պնդելով, թե պաշտոնական Վաշինգտոնը հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվի ամենաբարձր մակարդակով:

Jamestown-ում կազմակերպված քննարկման հաջորդ օրը ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Բրայզան առավել մանրամասն է անդրադարձել այդ մոտեցմանը` նշելով. - «Չեմ կարծում, թե նախագահ Օբաման կզբաղվի այդ հարցով, սակայն պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստ է ակտիվորեն մասնակցել բանակցություններին: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ լավ է, երբ այս կամ այն համանախագահ պետության ղեկավարը մասնակցում է բանակցային գործընթացին: Դա որոշակի անհավասարակշռություն է ստեղծում միջնորդների շրջանում»:

Jamestown հիմնադրում հնչեցրած իր ելույթում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը նաեւ կոշտ քննադատության է ենթարկել հայ - թուրքական հաշտեցման գործընթացում ամերիկյան դիվանագիտության ընտրած մարտավարությունը: Նրա համոզմամբ` «հայերին եւ թուրքերին հաշտեցնելու ժամանակ սխալ էր անտեսել ադրբեջանական գործոնը»:

«Վաշինգտոնն իր բոլոր ջանքերը կենտրոնացրեց հայ - թուրքական պատմական դիվանագիտական ճեղքում ապահովելու ուղղությամբ: Բայց եթե մենք կենտրոնանայինք ղարաբաղյան հակամարտության գործում առաջընթաց ապահովելու հարցի շուրջ, ապա կհաջողեինք նաեւ հայ - թուրքական հաշտեցման խնդրում: Փոխարենը` ամերիկյան դիվանագիտությունը որոշեց, որ երկու խնդիրները միմյանց հետ կապ չունեն: Դրանով մենք զրկեցինք Ադրբեջանին իր ունեցած լծակներից, իսկ Հայաստանը ղարաբաղյան բանակցությունների ավարտից դեռ շատ առաջ լուրջ արդյունք արձանագրեց: Դա, ի վերջո, հանգեցրեց ղարաբաղյան ուղղությամբ Երեւանի դիրքորոշման կարծրացմանը», - նշել է Բրազյան` հատուկ ընդգծելով, որ առանց Ղարաբաղի հարցում առաջընթացի «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը հասնել անհնարին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG