Մատչելիության հղումներ

Մայիսի 4-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մայիսի 6-ի երեկոյան ՀՀԿ-ն կասի, որ ընտրություններն անցել են աննախադեպ թափանցիկ եւ ժողովրդավար պայմաններում, իսկ ՀԱԿ-ը կասի, որ սրանք առավել խայտառակ ընտրություններն էին Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, եւ եթե ժողովուրդը չբռունցքվի եւ ոտքի չկանգնի, ապա Հայաստանը վերանալու է աշխարհի քարտեզից: Այդ երկու ծայրահեղացված գնահատականները կապ չունեն իրականության հետ՝ մենք նույնքան հեռու ենք ժողովրդավարությունից, որքան՝ աշխարհի քարտեզից ջնջվելուց: Այս սպառնալիքի մասին չեմ էլ ուզում խոսել. առանց այդ էլ «պատմականորեն» եւ «գենետիկորեն» վախեցած ժողովրդին հերթական անգամ սարսափեցնել կործանումով՝ ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի քաղաքական դիվիդենտներ է հնարավոր դրանից շահել: Լավատեսական «ժողովրդավարական պատկերների» համար էլ որեւէ հիմք չկա. ընտրակաշառքներն արդեն բաժանված են, վարչական բոլոր լծակները կիրառված են, ուռճացված ցուցակները «դզած են», անգրագետ օլիգարխներն էլ իրենց տեղերն արդեն ապահովել են»:

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հարցնում է. - «Ինչո՞ւ ընտրողներին կոչ արեցիք իրենց ձայնը տալ ում կամենում են` բացի իշխող կոալիցիայից»: Պատասխան. - «Ես երբեւէ չեմ հավատացել եւ ուզում եմ, որ իմ խոսքին դուք հավատաք եւ չփոխվեք: Իմ տեսակետից, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան դաշինքը դաշինք է շատ երկար ժամանակներ, եւ եթե կարիք լինի, ընտրություններից հետո մի փոքր կբացենք փակագծերը: Ես կարծում եմ, ընդհակառակը` հիմա այն, ինչ կատարվում է դաշտում, մեզ բերում է համարյա թե երկկուսակցական համակարգի: Դուրս է մղվում Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ-ով, ՀԱԿ-ն ընտրություններից հետո կգա հրապարակ, որտեղ արդեն մենք հայտարարել ենք, որ լինելու ենք: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Դաշնակցությունը եթե չմիանան, ուրեմն պարզ է, որ պիտի գնան խորհրդարան: Այսինքն` այդ առումով շատ հետաքրքիր շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի. դուրս կգա, որ իշխանությունը շատ լավ խաղաց` «Բարգավաճ»-ին մղեց դեպի ՀԱԿ-ի դաշտ, ավելի ընդդիմադիր ձայների տիրացավ եւ այդ ընդդիմադիր ձայներով հանդերձ տեղափոխվեց նորից իշխանական դաշտ` կազմելով ապագա կոալիցիան»:

«Ժամանակ»-ի խմբագրականը անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին. - «Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չանդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ ազգային կոնգրեսի գործոնին, այդպիսով, ըստ էության, խաղալով այն կանոնով, որով միմյանց հետ ներկայումս խաղում են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Կոնգրեսը: Այլ կերպ ասած` Քոչարյանը դրանով ի ցույց դրեց առնվազն, որ կամ ինքն էլ այդ խաղի մասնակից է եւ պահպանում է կանոնը, կամ հենց ինքն էլ այդ կանոնը մշակել է: Եվ այս իմաստով Քոչարյանի հարցազրույցը անուղղակիորեն լավագույնս վկայեց, թե ինչ կապ ունի Քոչարյանը ԲՀԿ-ի հետ, որքան էլ նա հերքեց այդ կապի գոյությունն անուղղակիորեն: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը սկսնակ, պատանի գործիչ լինելու դեպքում միայն բացահայտ կխոստովաներ ԲՀԿ-ի հետ իր կապը»:

«Իրավունք»-ի թղթակիցը զրուցել է ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Հնարավոր համարո՞ւմ եք «Ժառանգություն» - ՀՀԿ կամ ՀԱԿ - ԲՀԿ կոալիցիան»։ Պատասխան. - «Թեեւ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն առկա քաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, նման զարգացումների հիմքեր չի տալիս (դա որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր, որն, ավաղ, իրականություն չի դառնա)։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած տարաբնույթ տենդենցներն ասպարեզ նետելուն, ապա պարզ է, որ գոյություն ունի ընդդիմադիր ընտրազանգված, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են այդ զանգվածը տանել իրենց կողմ` մյուս ուժերին իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ ներկայացնելով։ Մենք այս առումով բացառություն չենք, տարբեր երկրներում ընտրական գործընթացներում նման տեխնոլոգիաներ հաճախ են կիրառվում»։ Հարց. - «Համամի՞տ եք այն մտքին, որ այս ընտրություններում հիմնական խաղացողները կամ պայքարողները լինելու են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն»։ Պատասխան. - «Ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանալու է առաջին տեղի եւ երկրորդ տեղի հավակնորդների միջեւ։ ՀՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր առաջին տեղը, ԲՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր երկրորդ տեղը»։

«Երկիր»-ը գրում է. - « Մաշտոցի պուրակի «բուտիկներն» ապանոմտաժելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը Երեւանի քաղաքապետին, զուտ արդյունքի տեսանկյունից իհարկե, թե՛ ակտիվիստների, թե՛ երեւանցիների հաղթանակն էր: Ինչպիսի հիմնավորումներ էլ բերվեն, սրանով իշխանությունը հաստատեց, որ ի սկզբանե տեղի է ունեցել ապօրինություն. հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը պուրակ այցելելու անհրաժեշտւթյուն չէր զգա, քաղաքապետն էլ չէր հաստատի, որ հնարավոր է սեղմ ժամկետներում գտնել լուծումներ` չոտնահարելով բուտիկների սեփականատերերի իրավունքները: Երկրորդ, սա շատ լավ դաս էր քաղաքապետի համար եւ սրանից հետո քաղաքային ու քաղաքաշինական նման խնդիրներին թեկուզ ժամանակավոր լուծումներ գտնելիսՙ նա ստիպված է լինելու հաշվի առնել թե՛ հանրային հնարավոր ըմբոստությունը եւ թե՛ այն, որ անմիջական «ղեկավարը» կարող է պահի տակ չհավանել իր քաղաքաշինական ճաշակը եւ մի գեղեցիկ օր, ասենք` հերթական ընտրություններից ժամեր առաջ, այդ որոշումները փոխելու հերթական պահանջը ներկայացնել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG