Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովում կարող է ձեւավորվել «իրական կոալիցիա»


Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, Երեւան, 3-ը մայիսի, 2012թ․

Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, Երեւան, 3-ը մայիսի, 2012թ․

Հայ ազգային կոնգրեսը չի բացառում ընտրություններից հետո իր մասնակցությունը «նոր, իրական» կոալիցիային։

Ընդդիմադիր Կոնգրեսի՝ Ազատության հրապարակում հինգշաբթի օրը տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, որ հարկ չի համարում կրկին խոսել Հայ ազգային կոնգրեսի ծրագրերի մասին, քանի դրանք հայտնի են եւ ավելացնելու բան գրեթե չկա, հերթական անգամ ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց նվազագույն խնդիրը «Հանրապետական կուսակցությանը իշխանության մենաշնորհից զրկելն է»։ Տեր-Պետրոսյանի խոսքով, դա հնարավորություն կտա խորհրդարանը վերածել գործադիր իշխանության լիարժեք հակակշռի եւ հող նախապատրաստել հաջորդ նախագահական ընտրություններում այժմյան իշխանություններից «վերջնականապես ազատվելու համար»։

«Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային ժողովում կարող է ձեւավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր», - մանրամասնեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Հայ ազգային կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որեւէ համագործակցություն Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը», - հավելեց ՀԱԿ առաջնորդը։

Գնահատելով անցնող քարոզարշավը՝ Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ այն բացահայտել է մի իրողություն․ - «Այն է, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում»։

Կոնգրեսի առաջնորդը հավելեց, թե միասնական շտաբի գործունեության եւ նրա նախաձեռնությունների դեմ «չարախոսող» մնացյալ քաղաքական ուժերը «կամա թե ակամա` սպասարկում են իշխող ռեժիմի շահերը, կամ էլ անդրկուլիսյան խաղերի ու գործարքների մեջ են այդ ռեժիմի հետ»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ողջ հասարակությանը ակտիվության կոչ արեց, ընդգծելով, որ դրանից է կախված ընտրությունների ելքը։

«Չի կարելի թույլ տալ, որ երկրի բախտը որոշեն անտարբերներն ու ընտրությունների նկատմամբ հավատը կորցրածները, որովհետեւ միայն պետության առջեւ պատասխանատվություն ունեցող քաղաքացին է ընդունակ կերտել սեփական ճակատագիրը եւ նույնպիսի պատասխանատվություն պահանջել իր իսկ ձեւավորած իշխանությունից», - հայտարարեց ՀԱԿ առաջնորդը։

Որքան մեծ լինի քվեարկողների թիվը` այնքան ավելի դժվար կլինի ընտրությունների կեղծումը, մասնավորապես` երկրից բացակա քաղաքացիների ձայների հաշվին, համոզմունք հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Ընտրարշավի օրերին մենք վերջնականորեն համոզվեցինք, որ իշխող վարչախումբը` ի դեմս Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների, իսկապես ոչ մի իրական ձայն չունի հասարակության շրջանում, եւ որ քոչարյանասերժական ռեժիմը հերթական անգամ հույսը դրել է վարչական, ուժային եւ քրեական ռեսուրսի միջոցով ընտրությունների կեղծման վրա», - հայտարարեց ՀԱԿ առաջնորդը։

Այնուամենայնիվ, ըստ առաջին նախագահի, այժմ առկա են մի քանի նոր հանգամանքներ, որոնք հույս են ներշնչում, որ ընտրությունները կեղծելու փորձերը այս անգամ կարող են ձախողվել։ Այդ հանգամանքներից մեկը, նրա խոսքերով, այն է, որ արաբական երկրներում տեղի ունեցած ու շարունակվող հեղափոխությունների լույսի ներքո միջազգային հանրությունը ստիպված է հիմնավորապես վերանայել նախկինում վարած «հանդուրժողականության ու փափկանկատության արատավոր քաղաքականությունը»։

«Ուզում եմ հույս հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելությունները այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններին` զգուշանալով մանավանդ ապօրինի իշխանություններին օրինակարգող կամ լեգիտիմացնող այնպիսի վտանգավոր, ավելի ճիշտ` պայթյունավտանգ ձեւակերպումներից, ինչպես, օրինակ` «ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին», կամ` դրանք «մի քայլ առաջ են եղել նախորդ ընտրություններից», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Ընտրախախտումների կանխման խնդրում ի հայտ եկած մյուս նոր հանգամանքը, ըստ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի, միասնական շտաբն է, որը ի վիճակի է էապես փոխել ընտրությունների ընթացքը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով` նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայ ազգային կոնգրեսին եւ որոշ այլ քաղաքական ուժերի հաջողվեց ժողովրդին հանել թմբիրից եւ զգալիորեն հաղթահարել երկրում տիրող «վախի մթնոլորտը»։ Առաջին նախագահը, սակայն, չմանրամասնեց, թե ո՞ր «այլ ուժերի» մասին է խոսքը։

«Դուք սխալվելու իրավունք չունեք եւ ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր։ Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլեւս չլինի», - եզրափակեց առաջին նախագահը` դիմելով հանրահավաքի մասնակիցներին։

Երեւանի կենտրոնում անցկացված երթից հետո հանրահավաքի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին ելույթ ունեցավ` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին։

«Այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանի վարչախմբին, խստագույն: Ընտրություններից երեք օր առաջ արված այս հարցազրույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին», - ասաց ՀԱԿ առաջնորդը` հավելելով, թե այդ հարցազրույցից ոչ պետք է ոգեւորվել, ոչ էլ անհանգստանալ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը մոռացված էր այս ընտրարշավի թոհուբոհի մեջ ու չէր կարող դա հանդուրժել: «Բայց սա ավելի մեծ բան է նշանակում` որ ռեժիմը իսկապես ներսից փտած է, եւ այդ ռեժիմը շուտով հոշոտելու է ինքն իրեն», - հայտարարեց առաջին նախագահը։


Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG