Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի բողոքը կրկին մերժվեց


Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր, կրկին քննարկելով պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքը, որոշեց մերժել այն:

Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով փաստական հանգամանքեր` նշել էր, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավի ընթացքում խախտել է Ընտրական օրենսգրքի դրույթները: Փաշինյանը, մասնավորապես, պնդում է, որ Սամվել Ալեքսանյանն ապրիլի 19-ին 7-րդ ընտրատարածքում, Երեւանի թիվ 190 դպրոցում նախընտրական հանդիպման ժամանակ բաժանել է դրամ եւ խոստացել է իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում կազմակերպել վերջին զանգի անվճար արարողություն:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով, նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին արգելվում է ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, ապրանքներ, մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Նիկոլ Փաշինյանը, հղում կատարելով ընտրական օերնսգրքի այս դրույթներին` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից պահանջել է, որպեսզի ընտրատարածքային հանձնաժողով դիմի դատարան` Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Անցյալ ուրբաթ եւս թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դիմումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքայինին պարտավորեցրել էր կրկին քննարկել նույն դիմումը:

Ընտրատարածքային հանձնաժողովի հրավիրած այսօրվա նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, գործին կցվեց թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Այս ձայնագրությունը, ըստ դիմող կողմի, ապացուցում է, որ Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը հաստատել է Նիկոլ Փաշինյանի բողոքի մեջ գրված փաստերը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանն ասաց, թե հանձնաժողովը ի վիճակի չէ այդ ձայնագրությունը ենթարկել փորձաքննության. - «Սա էքսպերտիզայի ենթարկելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակ»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ խնդիրը ժամանակին չի կարող վերաբերել, խնդիրը վարչական վարույթն ամբողջութան մեջ, բոլոր փաստերի համադրմամբ քննելն է:

Ի դեպ, այսօրվա նիստի ընթացակարգին վերաբերող հարցեր պարզելու նպատակով Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչի հարցից եւ ընտրատարածքային հանձնաժողովի արձագանքից պարզվեց, որ ընտրատարածքային հանձնաժողովն այսօրվա նիստի ժամանակ չէր օգտվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա որոշման ձեւակերպումներից այն պարզ պատճառով, որ այդ որոշումը նիստի պահին դրված չէր սեղանին:

Նիկոլ Փաշինյանը նիստից հետո գնահատեց. - «Դա նշանակում է, որ իրենց չի հետաքրքրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Իրենց հետաքրքրում է Սամվել Ալեքսանյանի որոշումը, որը եւ իրենց իրական ղեկավարն է»:

Նիկոլ Փաշինյանն ընտրատարածքային հանձնաժողովից խնդրել էր նաեւ քննարկման առարկա դարձնել հարցը, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի եւ դպրոցի տնօրենի իրականացրած քարոզարշավը որքանով է համապատասխանում ընտրական օրենսգրքի պահանջներին: Ի դեպ, վարչական շրջանի ղեկավարը` այդ համայնքում Հանրապետականի շտաբի պետ Դավիթ Օհանյանն արձակուրդի մեջ է նախընտրական քարոզչության ժամանակ:

Նիստից հետո Դավիթ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հարցին, թե իր համար որքանով է կարեւոր, որ իր ղեկավարած վարչական շրջանում երկու հիմնական թեկնածուների միջեւ պայքարն ընթանա հավասար պայմաններում, պատասխանեց. - «Դա ձեր կարծիքով է երկու հիմնական թեկնածու: Ես մյուս թեկնածուին հիմնական թեկնածու չեմ համարում: Այստեղ կա Սամվել Ալեքսանյան, հաղթանակը իրենն է»:

Հարցին, թե արդյոք այդ հայտարարությունն անում է որպես վարչական շրջանի ղեկավար, Օհանյանը պատասխանեց. - «Ոչ, որպես Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկեր»: Իսկ որպես վարչական շրջանի ղեկավար ինքը «գուշակություններով չի զբաղվում:

Նիկոլ Փաշինյանը սեղմ ժամկետներում դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով, որ Կենտրոնական հանձնաժողովը քննի դիմումների մեջ նշված փաստական հանգամանքները եւ պարտավորեցնի ընտրատարածքային հանձնաժողովին դիմել դատարան Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG