Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 9-րդ նիստը


Մայիսի 3-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների իններորդ լիագումար նիստը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

«Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 24 գլուխներ: Բանակցությունների արդյունքում առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի հիմնական նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ», - ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, լիագումար նիստին հաջորդել է Ասոցացման համաձայնագրի խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպումը: Հայկական կողմից ԽՀԱԱԳ բանակցությունները վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նախատեսվում է, որ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG